Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական պրոպագանդան Երևանի սրտում մուլտիմեդիա եղանակով պատմում է, որ Այվազովսկին ռուս աշխարհահռչակ ծովանկարիչ է՝ «սրբագրելով» նրա հայ լինելը

Ռուսական պրոպագանդան Երևանի սրտում մուլտիմեդիա եղանակով պատմում է, որ Այվազովսկին ռուս աշխարհահռչակ ծովանկարիչ է՝ «սրբագրելով» նրա հայ լինելը
Մշակույթ
20:55, 07 ноябрь 2023
Պարզվում է՝ ռուսական պրոպագանդան այս օրերին արվեստի տեսքով հայտնվել է  Երևանի սրտում և աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովկսուն ներկայացնում է որպես բացառապես ռուս գործիչ ու նկարիչ։

Մաշտոցի պողոտայի 7 Ա հասցեում գտնվող «Հայ արտ» մշակույթի կենտրոնում այս օրերին անցկացվում է «Այվազովսկի. վերածնված կտավներ» մուլտիմեդիա ցուցահանդեսը, որը լազերային պրոյեկտորների միջոցով հանդիսատեսին ներկայացնում է Այվազովսկու կյանքի ու ստեղծագործության պատմությունը՝ համալրված պատկերներով, ծավալային ձայնով։ Ցուցահանդեսի պրոդյուսեր և կազմակերպիչ Վիտալի Երզիկովը ԶԼՄ-ներին ասել է, թե որոշել է այս մուլտիմեդիա ցուցահանդեսով «ուրախացնել երևանցիներին»։ 
 
Որոշ այցելուների, սակայն, ապշեցրել և զայրացրել է Այվազովսկու, նրա ստեղծագործական կյանքի մասին փաստերի աղճատումը և ներկայացումը՝ որպես բացառապես ռուս ծովանկարչի, որը աշխարհահռչակ փառքի է հասել։ 
 
Մեզ դիմած քաղաքացի Լիանա Վարդանյանը նամակում գրել է․ «Ամեն հայ գնում է Այվազովսկու ցուցահանդեսին իր աշխարհահռչակ հայրենակցի համար անհավանական հպարտության զգացումով։ Հենց այս զգացումներով էլ ես էի գնում նրա թվային ցուցահանդեսին իմ հայրենի քաղաքում՝ Երևանում։ Սակայն այնտեղից հեռացա վրդովված, նվաստացված և խոր հիասթափության զգացումով։ 
Նկարչի ծննդյան տարեթվի և վայրի մասին խոսելիս անգամ չհիշատակվեցին նրա ազգությունը, հայ ծնողները կամ էլ՝  նրա իրական անուն ու ազգանունը, որը  ստացել էր ծննդյան պահին՝ Հովհաննես Այվազյան, հետո միայն դարձել Իվան Այվազովսկի։ 

Բազմաթիվ անգամներ խոսելով նկարչի «ռուսական ոգու» մասին՝ ոչ մի խոսք չասվեց 1894-1896 թվականներին Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ նրա անձնական վշտի մասին։  Դա այնքան էր ցնցել նկարչին, որ նա նկարեց մի շարք նկարներ՝ «Հայերի ջարդը Տրապիզոնում», «Հայերին բարձում են նավերը», «Հայերին ողջ-ողջ նետում են Մարմարա ծովը» և մի շարք այլ կտավներ։ Բացի դա, նա հետագայում նորից ու նորից էր վերադարձել հայկական թեմային։ 

Լռեցին Աբդուլ Համիդի կողմից ստացած շքանշանների ճակատագրի մասին, որոնց մասին միայն ասվեց, որ ստացել է, մինչդեռ նկարիչը Օսմանյան մրցանակները դեն է նետել ծովը որպես «արյունոտ տարբերանշաններ»։ Ոչ մի խոսք չասվեց այն մասին, թե ինչպես էր Այվազովսկին օգնում ցեղասպանությունից փրկված իր հայրենակիցներին, և ընդհանրապես  բոլորին, ով օգնության կարիք ուներ։

 Չասվեց, որ իր կյանքի վերջին տարիներին Այվազովսկին բազմաթիվ կտավներ է ստեղծել հայկական թեմաներով։ Հայկական խորը հետքի մասին մեծ արվեստագետի կյանքում և ստեղծագործության մեջ ցուցահանդեսի սկզբից մինչև վերջ համառորեն չխոսվեց։
 
Ոչ մի խոսք այն մասին, որ Թեոդոսիայում գտնվող Այվազովսկիների տունը յուրատեսակ կենտրոն է եղել հայ արվեստագետների, գրողների, դերասանների, երաժիշտների համար, որոնք շատ դեպքերում զգալի ֆինանսական աջակցություն են ստացել արտիստից։ 
 
Անգամ նկարչի սիրելի կնոջ՝ Աննա Բուռնազյանի դիմանկարները ցուցադրելիս չնշվեց, որ նա ծովանկարչի կինն է՝ ոչ անունն ու ազգանունը նշվեց, ոչ էլ նրա հայ լինելը։ Չնայած նրան, որ վերջին տարիների Այվազովսկու  բոլոր նկարները, ըստ հենց նկարչի խոսքերի, ներշնչված են եղել սիրելի կնոջ գեղեցկությամբ և սիրով։ 
 
Չասվեց Այվազովսկու բարեգործության մասին հայրենի քաղաքին,  որ հենց նրա շնորհիվ, Թեոդոսիայում ջրամատակարարում և կոյուղի է կառուցվել։ Սա շատ կարևոր բնութագիր է Այվազովսկու համար՝ որպես և՛ բարոյական, և՛ քաղաքացիական, և՛ հոգևոր դիրքորոշում։ 
 
Վերջում էլ որոշեցին  ունկնդիրներին ապշեցնել այն լուրով, որ նրան թաղել են հայկական եկեղեցու մոտ»,- գրել է քաղաքացին՝ հավելելով․ «Եթե այս ամենը տեղի ունենար ինչ-որ մեկ այլ երկրում, այդքան ցավալի չէր լինի ինձ համար: Բայց ինչպե՞ս է հնարավոր, որ մեծ արվեստագետի հայրենիքում այդքան վիրավորական և համառորեն լռեն Այվազովսկու պես մեծության հայ լինելու, ինքնության ու կյանքի ամենակարևոր և ազդեցիկ փաստերի մասին»։