Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի Լևոն Հայրապետյանի անվամբ

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի Լևոն  Հայրապետյանի անվամբ
Մշակույթ
16:29, 06 август 2021
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Արցախյան
առաջին պատերազմի մասնակից, 1991-2018 թվականների Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ,
մարզադպրոցի հիմնադիր Լևոն Հայրապետյանի անվամբ անվանակոչելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ կարևորելով
վաստակաշատ մանկավարժ Լևոն Հայրապետյանի ներդրած մեծ ավանդը սպորտի, մասնավորապես, սամբո մարզաձևի
զարգացման, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և
հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցի անվանակոչումը Լևոն Հայրապետյանի անվամբ նրա
երկար տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատական է:

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական
նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և
ինտերնատուրայի ընդունելության տեղերը: Հիմնավորման համաձայն՝ Արցախի Հանրապետությունը, ՀՀ
առողջապահության նախարարությունը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը
ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝
ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով
առողջապահական համակարգի ներկա իրավիճակը և ակնկալվող կադրային պահանջարկը, մարզային
առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու, Երևանի՝ կադրային գերհագեցած համակարգը
բեռնաթափելու հարցը և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը: Մասնավորապես,
համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հիմնավորումների՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ
Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և վիրավորում
ստացած, ինչպես նաև 2021թ. առաջին եռամսյակում վաղաժամկետ զորացրվող և 2021/2022 ու 2022/2023
ուսումնական տարիների ընթացքում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական
օրդինատուրա ընդունվող բժիշկ-սպաների թվաքանակով պայմանավորված` առաջիկայում ՀՀ զինված ուժերում
առաջանալու է բժիշկսպաների թվաքանակի նվազում: Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ՀՀ պաշտպանության
նախարարությունը նախորդ տարվա համեմատ ինտերնատուրային հատկացվող տեղերը ավելացրել է 17-ով: