Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը Եվրոպայի կարևոր մի մասն է. ԼՂ-ում մշակութային վայրերը պետք է պահպանվեն. Հունաստանի ԱԳ նախարար

«Դեռ երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում»,- այսօր Հունաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Հունաստանից ժամանած լրագրողի հարցին՝ կապված Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետ:

Արարատ Միրզոյանը նշեց, որ այժմ քննարկման սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ և կոնկրետ ծրագրեր: ՀՀ ԱԳ նախարարը ընդգծեց, որ Հայաստանը, չնայած բոլոր մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. «Մենք հույս ունենք, որ այդ բարեփոխումներն իրենց հերթին Հայաստանն ավելի են մոտեցնում ԵՄ-ին»:

ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձավ նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը և նշեց, որ դա Հայաստանի անվտանգության համար ունի կենսական նշանակություն:

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսն էլ հավելեց, որ Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունը կարևոր է ոչ միայն հանուն Հայաստանի ապագայի՝ նպաստելու հայ ժողովրդի բարեկեցության աճին, այլ կարևոր է նաև Եվրոպայի համար. «Մենք կարծում ենք, որ Հայաստանը Եվրոպայի կարևոր մի մասն է, և մենք շարունակաբար այս քայլերը առաջ կտանենք»:

Նա նշեց, որ Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագրի, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց: «Հույժ կարևոր է մեզ համար, որ մենք մշակութային վայրերը պահպանենք: Մենք միանշանակ կողմ ենք, որ պետք է մշակութային քրիստոնեական վայրերը պահպանվեն ԼՂ-ում»,- նշեց Հունաստանի ԱԳ նախարարը և ընդգծեց, որ Հունաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքի երկարաժամկետ ավանդույթ ունի: