Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում կայացավ «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացման առաջնախաղը․լուսանկարներ

Ստեփանակերտում կայացավ «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացման առաջնախաղը․լուսանկարներ
Մշակույթ
15:18, 19 август 2021
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում նախօրեին կայացավ Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված ներկայացման առաջնախաղը:

Բեմականացման հեղինակը և բեմադրողը Նյու Յորքից ժամանած դերասանուհի, թատերական բեմադրիչ Կարինե Քոչարյանն է։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացումը սիրո, տառապանքների միջով անցած հայի ոգու տոկունության, մեր ազգի հարատևության ու հողը պահելու մասին է:

«Հետպատերազմյան տառապանքի միջով անցած արցախցին այսօր կարծես ինքն իրեն նայել է հայելու մեջ, ևս մեկ անգամ անցել իր վշտի միջով, սակայն կյանքի նկատմամբ դարձյալ հույսով ու հավատով լցվել:

Բոլոր տոմսերը վաճառվել էին, ուրեմն արցախցին կարիք ուներ արվեստի և հատկապես թատրոնի՝ կենդանի խոսքի:
Իմ կարծիքով գյուղացու բեմական բոլոր կերպարները հրաշալի են ստացվել: Համոզված եմ, որ ներկայացումից հետո, մարդիկ, եթե նույնիսկ միտք ունեին Արցախից հեռանալու, ապա անպայման կմտափոխվեն և կմնան», - մեզ հետ զրույցում նշեց Կ. Քոչարյանը և հավելեց, որ խումբն օգոստոսի 20-ից հետո 11 ներկայացմամբ, հյուրախաղերով հանդես է գալու Հայաստանում:

Կարինե Քոչարյանի խոսքով՝ ինքն Արցախում եղել է բազում անգամներ, բայց ոչ երկարատև այցերով, ինչպիսին այս անգամ էր: «Եկել էի զբոսաշրջիկի կարգավիճակով, գրեթե ոչ մի ծանոթ չունեի Արցախում, իսկ հիմա ես ընտանիք ունեմ այստեղ. 4 ամիսների ընթացքում իմ հոգու ջերմությունն եմ փոխանցել դերասաններին», -ասաց մեր զրուցակիցը: