Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կմասնակցի InClassica 10-րդ միջազգային փառատոնին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կմասնակցի InClassica 10-րդ միջազգային  փառատոնին
Մշակույթ
13:23, 23 август 2021
Օգոստոսի 25-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և
գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մեկնում է Դուբայ՝ մասնակցելու դասական
երաժշտության InClassica 10-րդ միջազգային փառատոնին։ Այն անցկացվում է օգոստոսի 15-ից սեպտեմբերի
26-ը՝ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (EUFSC) և SAMIT Event Group-ի
կազմակերպմամբ։

InClassica հոբելյանական փառատոնը երաժշտական կարևոր իրադարձություն է, որն արտացոլում է
երկար տարիներ տարբեր երկրներում Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի գործունեությունը
մշակույթի ոլորտում։

43 օրերի ընթացքում երաժշտական այս խոշորագույն իրադարձությանը կմասնակցեն համաշխարհային
ճանաչում ունեցող 38 կատարողներ, 8 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորներ։ Փառատոնը կանցկացվի
Արաբական Միացյալ Էմիրությունների ամենանշանակալի հարթակներում՝ Դուբայի օպերայում և Coco-
Cola Arena-ում։

InClassica միջազգային փառատոնի մասնակիցների թվում են՝ «Գրեմմի» և Էվերի
Ֆիշերի մրցանակների արժանացած ջութակահար Գիլ Շահամը, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական
մրցանակի դափնեկիր, հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևը, «Էմմի», ECHO Klassik մրցանակների
դափնեկիր, օպերային երգչուհի Դանիել դե Նիզը, «Գրեմմի» մրցանակի արժանացած,
Gramophone Classical Music Award-ի կրկնակի դափնեկիր, Edison Classical Music Award-ի 5-
ակի դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը և մեծ ճանաչում վայելող այլ արտիստներ։

Փառատոնին կմասնակցեն Ռուսաստանի ազգային նվագախումբը, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը,
Ռեյնլանդ-Պֆալցի Գերմանիայի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ
նվագախումբը և այլ հայտնի նվագախմբեր, որոնք կներկայացնեն համերգային բազմազան ծրագրեր։ Փառատոնի
այցելուները կկարողանան ունկնդրել նաև բազմաթիվ պրեմիերաներ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է
Ալեքսեյ Շորը։

Փառատոնին զուգահեռ Դուբայում կանցկացվի դաշնամուրային մրցույթի եզրափակիչ փուլը։ Այն մեկնարկել
է օգոստոսի 15-ին և կտևի մինչև սեպտեմբերի 3-ը։ Մրցույթին մասնակցում են տարբեր երկրներում նախընտրական
փուլը հաղթահարած 14 դաշնակահարներ։ Մրցույթի 4 փուլերի ընթացքում դաշնակահարները կցուցադրեն իրենց
երաժշտական վարպետությունը։

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև Դասական երաժշտության մերձավորարևելյան ակադեմիայի
(Middle EastClassical Music Academy) շնորհանդեսը։ Ակադեմիան ստեղծվել է Մշակույթի աջակցության
եվրոպական հիմնադրամի ջանքերով, որն ուղղված է երիտասարդ և տաղանդաշատ երաժիշտների աջակցմանն ու
զարգացմանը։ Ակադեմիայի աշխատանքների ընթացքում կանցկացվեն դասախոսություններ, սեմինարների շարք և
վարպետաց դասեր, որոնք կվարեն համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ ու մանկավարժներ։
Փառատոնի մասին այլ մանրամասներ կարող եք գտնել հետևյալ կայքերից՝ Inclassica.com,
Classicpiano.eu, Me-musicacademy.com