Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են «Սլավյանսկի բազար-2024» մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անունները

Հայտնի են «Սլավյանսկի բազար-2024» մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անունները
Մշակույթ
23:17, 02 март 2024
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից տեղեկացնում են, որ մարտի 2-ին տեղի է ունեցել «Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։

Չորս տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել էր 9 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես են եկել երկու կատարումով։ Իսկ ժյուրին, հաշվի առնելով ունեցած տվյալները, «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի պահանջներին ու կանոններին համապատասխան ընտրել է մանկական կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան այս տարվա պատվիրակին։
Այսպիսով, 8-14 տարեկան տարիքային խմբում այս տարի հուլիսի 9-15-ը «Սլավյանսկի բազար-2024» 23-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 9-ամյա Յանա Ստեփանյանը, որը ժյուրիին է ներկայացել, նախ, Արթուր Գրիգորյանի «Կանգ առ», ապա՝ Ալլա Պուգաչովայի երգացանկից, Իգոր Նիկոլաևի «Այսբերգ» երգի կատարումներով։

Իսկ «Սլավյանսկի բազար-2024» 33-րդ երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, որի թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր  «Ну-ка все вместе» շոուում։ իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Սլավյանսկի բազար-2023» մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը և դարձել մրցույթի բացարձակ հաղթողը՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի: Իսկ մանկական կատարողների մրցույթում 10-ամյա Անահիտ Գալստյանը արժանացել է երկրորդ մրցանակի։