Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հոկտեմբերին, գլխավոր հյուրն է համաշխարհային կինեմատոգրաֆիստ Փոլ Շրեյդը

«Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հոկտեմբերին, գլխավոր հյուրն է համաշխարհային կինեմատոգրաֆիստ Փոլ Շրեյդը
Մշակույթ
16:09, 03 сентябрь 2021
«Երկրորդ տարին է, որ մենք, աննկարագրելի դժվարությունների միջով անցնելով,  չենք ընդհատել միջազգային մեր լավագույն փառատոնի՝ «Ոսկե ծիրան»-ի կյանքը և ընթացքը։ Հետպատերազմական իրավիճակում սա զուտ փառատոն չէ, և կարող եմ ասել, որ փառատոներն այսօր դարձել են հանրային ինքնահաղթահարման ակցիաներ, և մենք սրանով հաստատում ենք կյանքի, մշակութային պրոցեսների և հանրային հարաբերությունների շարունակականությունը»։ Այս մասին այսօր՝ Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
 
«Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը տեղի է ունենալու  հոկտեմբերի 3-10-ը։
 
«Մենք գիտենք, թե համավարակի պայմաններում որքան դժվար է միջազգային ճանաչում ունեցող մարդկանց հրավիրել Հայաստան։ Մենք ընկալվում ենք որպես պատերազմական երկիր, և այս մարդկանց ներկայությունը մեր մշակութային միջոցառումներին մեզ օգնում է բեկել այդ պատկերացումը և թույլ չտալ, որ միջազգային տեղեկատվական դաշտում Հայաստանը դիրքավորվի որպես վտանգավոր, ռիսկերով լեցուն, պատերազմ վարող պետություն»,- նշեց պարոն Խզմալյանը։
 
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրեց փառատոնի հյուրերին։ Փառատոնի պատվավոր հյուրը լինելու է համաշխարհային կինեմատոգրաֆիստ Փոլ Շրեյդը։ Նա 20-րդ դարի կինոյի խոշորագույն սցենարիստներից մեկն է, ով հեղինակել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ Մարտին Սկորսեզեի  «Տաքսիստ»,  «Կատաղած ցուլ», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերը։
 
«Փոլ Շրեյդը 70-80-ականների նոր Հոլիվուդ կինեմատոգրաֆիկ ֆենոմենի հիմնադիրներից մեկն է եղել։ Որպես ռեժիսոր՝ 20-ից ավելի ֆիլմերի հեղինակ է։ Նրա ֆիլմերում խաղացել է մի ամբողջ ամերիկյան կինոյի աստղաբույլ, ինչպիսիք են՝ Նիկոլաս Քեյջը, Սյուզան Սարանդոնը, Ուիլյամ Դեֆոն և այլք։ Նրա ամենավերջին  «Խաղանենգ» ֆիլմը  Վենետիկի կինոփառատոնի  հիմնական ծրագրում է, որը հենց երեկ է մեկնարկել, և Վենետիկից հետո, փաստորեն, Շրեյդը կմեկնի Հայաստան՝ մասնակցելու  «Ոսկե ծիրան»  կինոփառատոնին»,- նշեց պարոն Ավետիսյանը՝ հավելելով, որ այստեղ կլինեն նրա ֆիլմերի ցուցադրություններ, հանդիպումներ,  դաս՝ թե՛ սցենարական, թե՛ ռեժիսորական ուղղվածության։
 
Երկրորդ կարևոր հյուրը իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդն է՝ բեռլինյան  «Ոսկե արջ» կինոփառատոնի դափնեկիր։ Նրա «Հոմանիշներ» ֆիլմը  «Ոսկե ծիրան»  կինոփառատոնին ցուցադրվել էր 2019 թվականին, իսկ նրա վերջին «Ահեդի ծունկը» ֆիլմը վերջին Կանի փառատոնին արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակի։
 
 «Լապիդն արդեն լրիվ այլ մշակութային կոնտեքստ է, լրիվ այլ թեմատիկ ուղղվածություն և այլ սերունդ։ Եթե մենք Փոլ Շրեյդին մեծարում ենք նախևառաջ որպես դասական կինոյի ներկայացուցչի և պատրաստվում ենք հանձնել նրան «Փարաջանովյան թալեր»-ը, ապա Նադավ Լապիդը այսօրվա կինոյի վառ անհատականություններից մեկն է»,- նշեց պարոն Ավետիսյանը և հավելեց, որ  Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմը կդառնա  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ֆիլմը։
 
Ավետիսյանի խոսքով՝ երրորդ հյուրը թատրոնի և կինոյի հունգարացի հայտնի ռեժիսոր Կոռնել Մունդրուցոն է, ով նույնպես բազում կիոփառատոների, այդ թվում՝ Կանի և Լոկառնոյի կինոփառատոնի դափնեկիր է.  «Նա կներկայացնի թատրոնը և կինոն։ Պատրաստվում ենք ունենալ նրա վարպետության դասը»։