Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենաբարձր մակարադակով դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարին․ ԿԳՄՍ նախարարը Արցախի պատմական հուշարձանների պահպանության մասին

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքում մնացած հուշարձանների, թանգարանների պահպանության խնդրի մասին․ «Այդ տարածքում մնացել են 19 թանգարաններ, հնագիտական և գեղարվեստական հավաքածուներ, որոնցից 7-ը Հադրութում, իսկ 12-ը Շուշիում։ Միայն Շուշիում պատմական հուշարձանների թիվը 197 էր , գործում էր 10 թանգարան, ուր պահպանվում էր ազգային նշանակության 20․000 ցուցանմուշ։ Այսօր Ադրբեջանի կողմից Շուշին հայտարարվել է մշակութային մայրաքաղաք և Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ ոչնչացման քաղաքականություն է իրականացվում։ Ունե՞նք արդյոք Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքի հուշարձանների ցանկը, կարողանու՞մ ենք արդյոք միջազգային հարթակներում՝ այդ թվում նաև միջազգային պայմանագրերով պաշտպանել մեր ժառանգությունը ոչնչացումից»։ 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանելով հարցին՝ նշեց, որ ամենաբարձր մակարադակով դիմել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարին, քանի որ նման հարցերը ՅՈՒՆԵՍԿՈ-ի մանդատի ներքո են․ «Ինչպես նաև տարբեր երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներում կարմիր թելով անցնում է մեր մշակութային ժառանգության հարցը։ Ինչ վերաբերում ցուցակին՝ ցուցակ կա, որտեղ ներառված են 4000 անուն։ Այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է»։