Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուշիում մնացած արվեստի գործերը կփոխանակվե՞ն ադրբեջանցի նկարիչների գործերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությունը շարունակվում է Երևանի Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում։ Արցախի տարբեր շրջանների մշակույթը ներկայացնող գորգերը՝ Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը ձեռք է բերել հենց Արցախցի ընտանիքներից։ Գորգերից շատերն ավելի քան 300 տարվա պատմություն ունեն։ 

Արցախում գորգագործությունը վաղ շրջանում է զարգացում ապրել, գորգերը նույնիսկ արտահանվել են Եվրոպա և մրցել պարսկական գորգերի հետ։ Վարդան Ասծատրյանը տեսնելով, թե ինչպես են ադրբեջանցիները շրջում արցախյան գյուղերում և գնում հայկական հին գորգերը՝ նպատակ է դրել պահպանել Արցախյան մշակույթը։ Նա պատմում  է, որ ինքը գորգերը գնել է սկզբնաղբյուրներից և ընտանիքների մեծ մասը իմանալով, որ գորգերը թանգարանի համար են և դուրս չեն բերվելու Արցախից՝ մատչելի գնով վաճառել են իրեն, թեպետ գորգավաճառներն ավելի թանկ գին են առաջարկել այդ ընտանիքներին։ Շուշիի թանգարանից գորգերի մեծ մասը տարհանվել է արցախյան 44-օրյա պատերազմի թեժ օրերին՝ Արցախի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Թանգարանում եղել են նաև պեղումներից հայնտաբերված գտածոներ, որոնք չի հաջողվել տեղափոխել Հայաստան։ Շուշիի թանգարանի տնօրենի խոսքով՝ Բրոնզե դարը ներկայացնող իրերի պատկերներն արտացոլված են նաև արցախյան հին գորգերում։  

Արցախցի ընտանիքները գորգերի մի մասը 1920-1940 թթ․ կիսել են երկու մասի, որպես ավանդույթ գորգի մի կեսը մի աղջկան են օժիտ տվել, մյուս կեսը մյուս աղջկան։ ։ Թանգարանի տնօրենը շրջելով ընտանիքներով ձեռք է բերել կիսված գորգերն ու պատվիրել միմյանց միացնել՝ կարելով։ Մի անգամ Վարդան Ասծատրյանը Արցախի Մարտունի քաղաքում բնակվող մի ընտանիքից գնում է գորգ, որը կիսված է լինում։ Գորգի մյուս կեսը ձեռք բերելու նպատակով այցելում է այդ ընտանիքի բարեկամներին, որոնք երկար տարիներ, դեռևս իրենց պապիկների ժամանակվանից գժտված էին իրար հետ։ Թանգարանի տնօրենը ձեռք բերելով գորգի մյուս կեսը տալիս է վերանորոգման, որպեսզի կարեն իրար։ Կիսած գորգերն իրար միացնելը նպաստում է նաև երկու գժտված ընտանիքների հաշտվելուն։ Այդ մասին թանգարանի տնօրենին հայտնում են հենց այդ ընտանքիները և շնորհակալություն հայտնում։ Երկու ընտանիքներին հաշտեցրած գորգը ներկայումս պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ 

Արցախյան 44-օրյա պատերազմը նաև մշակութային մեծ կորուստ պատճառեց Արցախին․ թանգարանային բազմաթիվ ցուցանմուշներ հայտնվեցին Ադրբեջանի ձեռքում։  Civic.am-ի հետ զրույցում Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը նշեց, որ ներկայումս փոխանակման ծրագիր է մշակվում՝ նպատակ ունեն 90-ականներից Ստեփանակերտում պահվող ադրբեջանցի նկարիչների գործերը փոխանակել Շուշիում մնացած արվեստի գործերի հետ։


Նարա Մարտիրոսյան

Մանրամասները՝ տեսանյութում