Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արմենիա» միջազգային փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը

«Արմենիա» միջազգային փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը
Մշակույթ
19:31, 29 сентябрь 2021
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը: 
 
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով էլ սեպտեմբերի 29-ին կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը։ Մեկ ամիս տևողությամբ փառատոնի ընթացքում տեղի կունենա 17 համերգ՝ 12 սիմֆոնիկ և 5 կամերային։ 
 
«Արմենիա» փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի մասնակցությամբ: Փառատոնի համերգային ծրագրերը բազմազան են. ընդգրկում են հայտնի  կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մասնավորապես, կներկայացվեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի, Ֆելիքս Մենդելսոնի, Պյոտր Չայկովսկու, Ֆրեդերիկ Շոպենի, Էդվարդ Գրիգի, Ժորժ Բիզեի, Ղազարոս Սարյանի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի և այլ հեղինակների ստեղծագործություններից: 
 
Փառատոնին կմասնակցեն հայտնի ջութակահարներ Գիլ Շահամը, Դանիել Լոզակովիչը, Ֆումիակի Միուրան, Սերգեյ Դոգադինը, Մարկ Բուշկովը, դաշնակահարներ Միխայիլ Պլետնյովը, Յոլ Ում Սանը, թավջութակահարներ Սթիվեն Իսերլիսը, Նարեկ Հախնազարյանը, դիրիժորներ, Սերգեյ Սմբատյանը, Դմիտրի Յաբլոնսկին, Մարիուս Ստրավինսկին, Ֆելիքս Կորոբովը, Ալան Չիրկոպը, Կոնրադ վան Ալֆենը, Ջանլուկա Մարչիանոն և այլք:
 
Համերգները կկայանան «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։ 
 
Փառատոնի բացման երեկոյի ընթացքում՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Մարկ Բուշկովը։ Ծրագրում կհնչեն Սերգեյ Պրոկոֆև՝ քայլերգ «Սեր առ երեք նարինջները» օպերայից, Պրոկոֆևի Ջութակի թիվ 1 կոնցերտը և Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ։
 
Նշենք, որ «Արմենիա» միջազգային փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի համատեղ ջանքերով:
 
Մի քանի տարվա ընթացքում փառատոնը հասցրել է դառնալ միջազգայնորեն ճանաչված և սպասված երաժշտական միջոցառում: Փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ունկնդրելու համաշխարհային հեղինակություն վայելող մեծանուն երաժիշտների կատարումները, որոնց համերգներին հաճախելն աշխարհի հեղինակավոր դահլիճներում ոչ բոլոր երաժշտասերներին է  հասանելի:
 
Մեծանուն արտիստների կողքին «Արմենիա» միջազգային փառատոնը նաև շատ նորահայտ երիտասարդ երաժիշտների հնարավորություն է ընձեռում ելույթ ունենալու լայն հանդիսատեսի առջև և իրենց տեղը գրավելու կատարողական արվեստի ասպարեզում: