Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» ամսագրում` անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» ամսագրում` անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը
Մշակույթ
23:03, 29 октябрь 2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական` 2021 թ. համարը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին և ներկայացնում է Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մարտահրավերները: Ամսագրի ամենամյա թողարկումներն անդրադառնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարբեր դրսևորումներին: 2021 թ. թողարկմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/3k4HlTN

Ամսագրում ընդարձակ անդրադարձ կա հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը՝ մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի խոսքը և Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարանի կողմից ներկայացված թեմաներին, որոնք վերաբերում են ասեղնագործուհիներ Անահիտ և Անժելա Աբգարյանների ասեղնագործությանը և «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրին, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված «Լճերը, Նոյի ավանդազրույցը, Հայոց լեռները» ծրագրի շրջանակում պատրաստված 3 անիմացիոն ֆիլմերին: