Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում բացվել է Ռաֆայել Պետրոսյանի գեղանկարների ցուցահանդեսը

Ստեփանակերտում բացվել է Ռաֆայել Պետրոսյանի գեղանկարների ցուցահանդեսը
Մշակույթ
22:46, 22 декабрь 2021
Նախօրեին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում բացվել է գեղանկարիչ Ռաֆայել Պետրոսյանի գեղանկարների ցուցահանդեսը։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված է 68 ստեղծագործություն։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի տնօրեն Զինա Գասյանը և ներկայացրել գեղանկարչի կյանքն ու գործը։
Մեզ հետ զրույցում Ռ. Պետրոսյանը նշել է, որ իր յուրաքանչյուր ցուցահանդես ունի բովանդակություն ու նախապատմություն։

«Այս ցուցահանդեսը պիտի կայանար 2020 թվականի աշնանը, բայց, բոլորիս հայտնի պատճառներով, 2020թ. աշնանը միայն երազել կարելի էր ցուցահանդեսի մասին։ Այսօր իմ այդ երազանքը իրականություն է դարձել, և կցանկանայի, որ բոլոր մարդկանց երազանքներն էլ իրականանան»,-ընդգծել է Ռ. Պետրոսյանը։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ մարդը միշտ էլ ձգտում է իմաստնության և իմացության, և շատ հետաքրքիր է լինում, թե արվեստագետներն ինչպես են ձգտում հասնել դրանց։

«Ռաֆայել Պետրոսյանին հաջողվում է զարմացնել մեզ և մղել փիլիսոփայելուն։ Թերևս ինձ համար նրա ստեղծագործություններում կա իրականություն և անդին` աշխարհ»,- նշել է Լ. Ղարախանյանը։

ԱՀ ԿԳՄՍ նախարարը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Ռաֆայել Պետրոսյանին շնորհել է Արցախի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։