Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամրոցների և բերդերի հարուստ ժառանգություն ունենք, բայց դա բավարար չափով պահպանված և մատչելի չէ հանրությանը․ Նիկոլ Փաշինյան

Ամրոցների և բերդերի հարուստ ժառանգություն ունենք, բայց դա բավարար չափով պահպանված և մատչելի չէ հանրությանը․ Նիկոլ Փաշինյան
Մշակույթ
12:37, 23 декабрь 2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց մի նախագիծ, համաձայն որի ԿԳՄՍ-ից վերաբաշխվում է ընդհանուր առմամբ 128 միլիոն 439 000 դրամ, որից նախատեսվում է 98,401.2 հազար դրամ գումարը  դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին` հետևյալ աշխատանքների իրականացման համար.

ա) 18,001.2 հազար դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ)՝ ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Լոռի բերդ ամրոցի պարսպապատի հարավ-արևմտյան հատվածին և երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղումներ.

բ) 12,000.0 հազար դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ)՝ ՀՀ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի պարիսպների ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակում.

գ) 6,000.0 հազար դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ)՝ ՀՀ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար.

դ) 12,000.0 հազար դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ)՝ ՀՀ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի բաղնիքների ամրակայման և մասնակի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար.

ե) 12,000.0 հազար դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ)՝ ՀՀ Լոռու մարզի Ամրակից գյուղի Ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում.

զ) 14,400.0 հազար դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ)՝ ՀՀ Տավուշի մարզի «Սրվեղ» վանական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում.

է) 24,000.0 հազար դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ)՝ ՀՀ Տավուշի մարզի «Տավուշ» ամրոցի պարիսպների, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում:

2) 20,138.4 հազար դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին` ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքի պեղումների իրականացման համար.

3) 9,900.0 հազար դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին` Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար:

3. Թույլատրել «Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ ՀՀ 2021 թվականի  պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «11003. Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն» միջոցառման շրջանակներում ստացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 430.0 հազար դրամն ուղղել ներքին դռների ձեռքբերման և տեղադրման գծով ծախսերին` իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

Նախագիծը ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք։

«Որովհետև կարևորում ենք մեր ինքնության և պատմության հուշարձանների պահպանումը, նաև նախորդ տարվանից մի ծրագիր պիտի սկսեինք, որը պատերազմի պատճառով ընդհատվեց։ Խոսքը՝ մեր պետականությունը խորհրդանշող պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման ծրագիր իրականացնելու մասին է։ Խոսքն այս դեպքում ամրոցների և բերդերի մասին է։ Ցավոք, այնպես է ստացվել, որ մենք ամրոցների և բերդերի և քաղաքացիական ու պետական նշանակության կառույցների հարուստ ժառանգություն ունենք, բայց այդ հարուստ ժառանագությունը բավարար չափով պահպանված և մատչելի չէ հանրությանը՝ սկսած ճանապարհներից, որ դեպի այդ ամրոցները տանող պատշաճ ճանապարհներ չկան։ Հաջորդ խնդիրը, որ նրանք, ըստ էության շատ երկար ժամանակ ընդհանրապես որևէ վերականգնման ամրացման աշխատանքների չեն ենթարկվել և այս առումով մենք պիտի առանձնակի կարևորություն տանք այս ուղղությանը, իհարկե նման վերաբերմունք ցույց տալով  նաև պատմամշակութային մյուս հուշարձաններին, այն  հուշարձաններին, որոնց նկատմամբ մենք մշտապես  ուշադիր ենք»,-ասաց վարչապետը։

Նա նաև ասաց, որ այս ծրագրի շրջանակներում ուզում է ուշադրություն դարձնել նրան, որ Ամրակից համայնքի տարածքում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման համար են գումար հատկացնում և այս ուղղությունը նույնպես շատ կարևոր է։

Վարչապետի խոսքով՝ այս ամենը ոչ միայն պատմամշակութային հոգևոր նշանակություն ունի, այլև՝ տնտեսության և զբոսաշրջության զարգացման համար ունի շատ առանցքային նշանակություն։ 

Վարչապետը նաև խոստովանեց, որ մեր պատմամշակութային ժառանգության ամբողջ սպեկտորը չէ, որ պատշաճ մակարդակով  մատուցվում է զբոսաշրջային  բիզնեսին, ինչու չէ նաև մեր հանրությանը։
«Եվ այս առումով շատ կարևոր է նաև այն գտածոն Արենի քարանձավից գտնված, որի մասին պարոն Դումանյանը խոսեց։ Դա համաշխարհային պատմության համար բացառիկ գտածո է և այդ բացառիկ գտածոն պետք է բացառիկ ուշադրության և պահպանության արժանանա։ Այստեղ էլ մատուցելու խնդիր ունենք, որովհետև այդ կարգի ցուցանմուշները պետք է առանձնահատուկ ձևով ընդգրկվեն»,-ասաց վարչապետը։