Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատանքային խումբը քննարկել է Չարենցի 125-ամյակին նվիրված ծրագրերը

Աշխատանքային խումբը քննարկել է Չարենցի 125-ամյակին նվիրված ծրագրերը
Մշակույթ
17:34, 16 февраль 2022
Տարին չարենցյան է. 2022 թ. լրանում է մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խումբ՝ բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Չարենցի (Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը) նախագահությամբ:

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է աշխատանքային խմբի անդամներին, մաղթել արդյունավետ աշխատանք: Նա կարևորել է խմբի առաքելությունը՝ որպես չարենցյան շունչը ողջ տարվա ընթացքում կենդանի պահելու առանցքային գործոն:

Նիստի ընթացքում դիտարկվել են Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրերը, դրանց վերաբերյալ ներկայացվել են աշխատանքային խմբի անդամների դիրքորոշումները, քննարկվել են հաստատված միջոցառումների կազմակերպման խնդիրները:

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով՝ թանգարանը, ի թիվս մի շարք միջոցառումների, նախաձեռնել է գրողի ստեղծագործությունների թարգմանական աշխատանք ֆրանսերենով և անգլերենով:

Ժաննա Մանուկյանը ներկայացրել է նաև մարտի 13-ին՝ Չարենցի ծննդյան օրը նախատեսված միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսվում է շրջայց թանգարանում, ներկայացում «Ամբոխները խելագարված» պոեմի հատվածներով, հուշատախտակի բացում, քայլերթ դեպի «Ամբոխները խելագարված» հուշարձան և այլն: Կողմերը քննարկել են միջոցառումների մանրամասները, ներկայացրել իրենց նկատառումները:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Կարեն Հունանյանն էլ ներկայացրել է Չարենցավան համայնքի՝ հոբելյանական տարվան նախապատրաստական աշխատանքները: Առաջարկվել է նախաձեռնել քաղաքում Չարենցի անվան ցուցասրահի վերանորոգման աշխատանքները՝ այն համալրելու նպատակով Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցելով:

Ա. Խզմալյանը մատնանշել է քննարկված բոլոր հարցերը տուն-թանգարանի՝ որպես համակարգող մարմնի ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հոբելյանական օրը՝ մարտի 13-ը, մեկ անգամ ևս կազմակերպելու աշխատանքային հանդիպում՝ քննարկելու արված և ընթացիկ աշխատանքները: