Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուշիի «Պանահալի խանի պալատը» ավերված էր դեռևս խորհրդային տարիներին, երբ Շուշիում ադրեբջանցիներ էին ապրում․ Շուշիի ղեկավար

Շուշիի «Պանահալի խանի պալատը» ավերված էր դեռևս խորհրդային տարիներին, երբ Շուշիում ադրեբջանցիներ էին ապրում․ Շուշիի ղեկավար
Մշակույթ
16:15, 17 март 2021
Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան երեկվանից շարունակաբար Շուշի քաղաքից  լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում Ֆեյսբուքի իր էջում՝ գրառելով, որ նախագահ Իլհամ Ալիևի և իրենց դստեր հետ հերթական անգամ այցելել են Շուշի։ Պատերազմից հետո սա Ադրբեջանի նախագահական ընտանիքի երկրորդ այցելությունն է Շուշի։ 

«Մեդիամաքսը» հղում անելով «Ինտերֆաքս-Ադրբեջանին»՝ նշել է, որ Ալիևը խոսելով Շուշիի ադրբեջանական մշակութային կոթողներից ու կառույցներից՝ անդրադարձել է Շուշիում գտնվող «Պանահալի խանի պալատին» ու «Ղարաբաղ» հյուրանոցին։

«Հայ բարբարոսները ոչնչացրեցին Շուշա քաղաքի հիմնադիր Պանահալի խանի պալատը: Դա պատմական հուշարձան է: Թող բոլոր միջազգային կազմակերպություններն այցելեն Շուշա՝ այս ամենը իրենց աչքերով տեսնելու համար»,-ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա նաև ընդգծել է, որ Շուշիում գործող «Ղարաբաղ» հյուրանոցը կառուցվել էր դեռ խորհրդային տարիներին՝ Ադրբեջանական ԽՍՀ բյուջեի միջոցներով․ «Այնուհետեւ ստոր թշնամին վերանվանել էր հյուրանոցը՝ այն անվանելով «Շուշի պալաս»՝ անուն, որ գոյություն չունի, կա միայն Շուշա քաղաք»»,-հավելել էր Ալիևը։

Civic.am-ն այս կառույցների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով կապ հաստատեց Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանի հետ։ Մեր զրուցակիցը ընդգծեց, որ Ալիևի նշած «Պանահալի խանի պալատը», որին հայերն անվանում են նաև «Խանի պալատ» և «Խանի աղջիկ» ավերված էր դեռևս խորհրդային տարիներին, երբ Շուշիում նաև բազմաթիվ ադրբեջանցիներ էին ապրում․ «Ոչ իրենց օրոք, ոչ մեր օրոք չի նորոգվել։ Դեռ իրենց օրոք, երբ ադրբեջանցիները Շուշիում էին ապրում, այդ պալատն ավերված էր, կռիշան ամբողջությամբ թափված էր։ Արցախյան առաջին պատերազմից հետո «Թուֆենկյան» հիմնադրամը որոշեց նորոգել այդ ամբողջ տարածքը, բայց չստացվեց»։ 

Գրիշա Հովհաննիսյանը զրույցի ժամանակ նշեց, որ ինքը 1985թ․-ից մինչև 2006թ․ եղել է Շուշիի Քարին տակ գյուղի սովխոզի տնօրեն,  իսկ 2007թ․-ից Շուշիի շրջանի ներկայացուցիչն է։ Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ ինքը ծնվել և ապրել է Շուշիում։ 

Ինչ վերաբերում է Ալիևի նշած «Ղարաբաղ» հյուրանոցին՝ Գրիշա Հովհաննիսյանը հաստատեց, որ այն կառուցել են ադրբեջանցիները, սակայն շեշտեց, որ այդ հյուրանոցն ավերվել էր 90-ականների պատերազմի ժամանակ, ինչպես նաև նշեց, որ հայկական կողմից մի շարք հյուրանոցներ կան Շուշիում կառուցված․ «Այդ հյուրանոցը թուրքերն են կառուցել, բայց առաջին պատերազմի ժամանակ ավերվել էր, հայերը կապիտալ վերանորոգել են և կոչել «Ավան Շուշի պլազա»։ Վերանորոգողներն արտասահմանից ժամանած հայեր էին։ Նախքան այս 44-օրյա պատերազմը Շուշիում գործում էին նաև այլ հյուրանոցներ՝ օրինակ՝ «Գրանտ հոթել» հյուրանոցը, «Շուշի» հյուրանոցը, որը դաշնակցականներին էր»։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի նախագահը միջազգայնի կառույցների ուշադրությունը սևեռել էր նաև իր նշած ավերված այս կառույցների վրա և դրանցում մեղադրել հայերին՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարը հիշատակեց հայկական պատմամշակութային արժեք ներկայացնող երկու եկեղեցիների ավերվածությունները․ «90-ականներին լրիվ ավերված էր Ղազանչեցոց եկեղեցին, պատերազմից հետո հայերն այն ամբողջությամբ վերանորոգեցին, սակայն այս պատերազմի ընթացքում երկու անգամ ավերվեց, Կանաչ Ժամ եկեղեցին ավերվեց, Շուշիի մշակույթի տունը ամբողջությամբ նորոգել էինք, կրկին ավերվեց։ Թանգարաններն էինք վերանորոգել, արվեստի դպրոց էինք սարքել, բայց նոյեմբերի 5-ին դուրս եկանք Շուշիից ու չգիտենք թե ինչ վիճակում են»։ 
 
 
Նարա Մարտիրոսյան