Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի կապտամազիկ դուստրը ստեղծագործում է գռեհկաբանության ոճում՝ ձեռնոց նետելով Արմեն Աշոտյանին և Ավետ Բարսեղյանին

ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի կապտամազիկ դուստրը ստեղծագործում է գռեհկաբանության ոճում՝ ձեռնոց նետելով Արմեն Աշոտյանին և Ավետ Բարսեղյանին
Մշակույթ
19:01, 18 март 2022
ԱԺ նախկին  նախագահ, «Մարտի 1»-ի հարցերով ԱԺ նախկին հանձնաժողովի նախագահ, կարկառուն ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրը՝  Նարե Նիկոյանը, համացանցի ուշադրությունն է գրավել՝  օրեր առաջ թողարկված իր  «Տականք»  երգի տեսահոլովակով։ 
Դրանում «ազատ ոճի» գռեհկաբանությունն այնքան շատ է, որ հայտնի բառապաշարով հանդես եկող քոչարյանական ու սերժական ընդդիմությունը կարող է դատի տալ այս երգչուհուն պլագիատի՝ գրագողության համար, քանի որ նա իր երգում հիմնականում կրկնում է իրենց բառապաշարը։ 

Որպեսզի երգին անծանոթ ընթերցողը գաղափար կազմի, թե արվեստի ինչպիսի «բացառիկ», անկրկնելի նմուշի մասին է խոսքը, մեջբերում անենք երգի բառերից, որի հեղինակն, ի դեպ, Նիկոյանի կապտամազիկ  դուստրն է. 

«Դու տականք ես, տականք 
Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան 
Դու տականք ես, տականք 
Ոչ սովորական, այլ դավաճան 
Դու տականք ես, տականք 
Դու տականք ես, տականք
Բայց դու տականք ես, տականք
Դու տականք ես 
Պիտի սովորեմ քո հականիշը լինել, 
Մինչև հիմա մենակ նմանվում եմ»... 

Թե հատկապես ում նկատի ունի երգի հեղինակը տականք ասելով՝ դժվար է ասել,  այս ոճի երաժշտական արտադրանք  սպառող ցանկացած մելոման կարող է երգը լսելիս պատկերացնել իր իմացած տականքին, հատկապես, որ այդպիսիք քիչ չեն թե՛ հասարակական, թե՛ հատկապես քաղաքական կյանքում։ 

Ի դեպ, ինքը՝ երգի հեղինակն էլ, իր ֆեյսբուքյան էջում, կիսվելով երգի տեսահոլովակով, կից գրել է. «Բոլոր համընկնումները իրական անձանց հետ պատահականության արդյունք են»։ Ապա հավելել է. «Խորհուրդ չի տրվում ալկոհոլի ազդեցության տակ էս երգը որևէ մեկին ուղարկել )))) խաբեցի, Do it!!!! Ուղարկի  երգն էլ, իրան էլ ))»։ 

«Առավոտի» հետ հարցազրույցում, չնայած նորաթուխ երգչուհին մի քանի անգամ կրկնել է, թե իր երգը քաղաքական չէ, ակնհայտ ուղղորդված լրագրողուհին վիրավորանք պարունակող հարց է ուղղել նրան, թե  «արդյոք որպես քաղաքացի իր ներկայացրած տականքի բնորոշումներում նմանություններ տեսնո՞ւմ է երկրի ղեկավարի հետ»։ 

«Եթե այդքան մարդ իրեն նմանեցնում է, ուրեմն թիրախային բաներ կլինեն, որովհետև մեկնաբանությունների մեջ ոչ միայն ընդդիմադիրներ, այլև իր համակիրներից կային, որոնք նմանեցրել էին, մտածում էին, որ երգն իր մասին է, ու վատ բաներ էին գրում մեզ... եթե շատերն են նմանեցնում, երևի մի բան կա»,- առանց երկար մտածելու ասել է հանրության կողմից համաժողովրդական հեղափոխությամբ մերժված գործչի աղջիկը։

Ի դեպ, հատկապես Մարտի 1-ի զոհերի հարազատներն ու մասնակիցները  հենց երգչուհու հոր և Հայաստանը տարիներով կեղեքած ու հարստահարած նրա թիմի հետ նմանություն կտեսնեն երգի բառերում՝ ՀՀ քաղաքացիներին Երևանի կենտրոնում գնդակահարելու պատասխանատվության համար։  

Ինչևէ. մինչ  արվեստաբաններն ու  հոգեբանները  լեզվահոգեբանական վերլուծության կենթարկեն  «երգի» տեքստն ու  դրա  կատարող-հեղինակին,  արձանագրենք,  որ  ի դեմս Նարեի՝  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան, Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի եթերներից անպակաս Ավետ Բարսեղյանը, փաստորեն,  կոնկուրենտ ունի։  Նա էլ  մոտ մեկ տարի առաջ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի պատվերով էր մի անեծքախեղդ, հայհոյանքներով լի տեքստ երկնել՝ բնականաբար օգտագործելով պատերազմի և զոհերի թեման, տեքստն էլ հղելով Նիկոլ Փաշինյանին։  Դա այն շրջանում էր, երբ վտարանդի փեսան իր «Ռեքվիեմների» շարքն էր սկսել, Ավետին էլ պատվիրել էր  կողքից «դամ»  պահել. ենթադրում ենք՝ շռայլ վարձքի դիմաց։  

Չմոռանանք հիշեցնել, որ խոսքը նույն այն Ավետի մասին է, որը ժամանակին Սերժ Սարգսյանի 65-ամյակի առթիվ երգ էր գրել, որում Սերժ Սարգսյանի խոսքը համեմատել էր  Գանձասարի, միտքը՝ Խոր Վիրապի հետ՝ այսպիսով, փաստորեն, անարգելով  ՀՀ պատմական հուշարձանները։  

ՀՀԿ-ական մեկ այլ  երգահան Արմեն Աշոտյանի  հացին ևս, փաստորեն, «վայիս  լինող» է հայտնվել՝ ի դեմս Նիկոյանի  նորաթուխ երգչուհի դստեր։  Նկատենք, որ պաշտոնը կորցնելուց հետո պարոն Աշոտյանը տևական ժամանակ է՝  երգեր չի գրում ու հիմնականում ստեղծագործում է Ֆեյսբուքում՝ արձակ ժանրում, քաղաքական գռեհկագրության ոճում։ Ու փաստորեն, նրա մտքի արգասիքները ներշնչանքի աղբյուր են դառնում  իր կուսակից  ընկերոջ  դստեր համար՝ ծնունդ տալով  «Տականք»-ի պես... երգերի։ 

Ի դեպ, մեծն լուսավորիչ Վոլտերի մտքին է պատկանում հետևյալ խոսքը. «Եթե մտքերը  տխմար են, ապա դրանք պետք է միայն երգելով արտաբերել»։  

Խնդրում ենք՝ չքաղաքականացնել։