Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օպերային թատրոնի բեմ է բարձրացել «Սոմա. Կրակե օղակ» օպերային ներկայացումը

Օպերային թատրոնի բեմ է բարձրացել «Սոմա. Կրակե օղակ» օպերային ներկայացումը
Մշակույթ
21:50, 15 апрель 2022
Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի է ունեցել Ավետ Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» երկու գործողությամբ օպերային ներկայացման պրեմիերան:

Առաջնախաղին ներկա է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Կրակե օղակը» Ավետ Տերտերյանի առաջին փորձն է և առաջին անգամ բեմադրվել է 1967 թվականին. այս տարի լրանում է ստեղծագործության 55-ամյակը: Վերջին անգամ բեմադրվել է 45 տարի առաջ՝ 1977 թվականին, Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ: Օպերայի հիմքում Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմներն են:

Բեմադրությանը մասնակցում էին շուրջ 100 արտիստ, մեծ նվագախումբ: Առաջին անգամ փորձ արվեց օգտագործելու օպերային թատրոնի տեխնիկական հնարավորություններն` օպերային արվեստն իբրև թատրոն ներկայացնելու տեսանկյունից: Օպերային ներկայացումը յուրօրինակ փորձ էր հանդիսատեսին ցույց տալու՝ ինչպես են մտածել հանճարեղ գրող Եղիշե Չարենցը և տիեզերական երաժիշտ Ավետ Տերտերյանը:

Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը, բեմադրող նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը: Մենակատարներն են Սիլվա Պետրոսյանը, Ֆերդինանդ Մուրադյանը, Հովհաննես Անդրեասյանը: