Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը

Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրն ու  «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը
Մշակույթ
23:00, 18 май 2022
2022 թվականին Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո: Տոնական միջոցառումները մեկնարկում են Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ: 
 
Սերգեյ Փարաջանովի թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված   Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն  Ժաննա Մանուկյանը,  Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:           
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է թանգարանների ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով  անսպառ եռանդ, լավատեսություն և նորանոր ձեռքբերումներ: Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ Թանգարանների միջազգային օրը նշվում է մայիսի 18-ին, իսկ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ մայիսի 21-ին: Այդ օրերին թանգարանների մուտքն անվճար է: 
 
«Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, ազգային արժեքներին հաղորդակցվելու հնարավորություն: Շուրջ երկու տասնամյակ է, որ Հայաստանը միացել է համաեվրոպական նախաձեռնությանը: Տոնի շրջանակում թանգարանները պատրաստել են բազմաբովանդակ միջոցառումներ՝ 122 մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, 30 կրթական, շուրջ 40 համերգային և 124 մշակութային ծրագրեր»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:
 
Անդրադառնալով 2021 թվականին թանգարանների ոլորտում կատարած աշխատանքներին՝  Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները սպասարկել են շուրջ 1 մլն այցելուի, ընդունել են 210 հազար աշակերտի, ֆոնդերը համալրվել են 10 հազարից ավելի նմուշներով, իրականացվել են  ավելի քան 2000 գիտակրթական ծրագրեր: Այդ ժամանակահատվածում մոտ 1 մլրդ դրամ պետական բյուջեից տրամադրվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի օդափոխման համակարգերի արդիականացմանը:
 
«Այս ոլորտում նաև տրամադրվում են դրամաշնորհներ կրթական, մշակութային տարբեր ծրագրերի, ցուցադրությունների և այլ միջոցառումների կազմակերպման համար: 2022 թվականին պետական բյուջեից 50 մլն դրամ ուղղվել է նման ծրագրերի իրագործմանը: Մինչև հունիսի 3-ը դրամաշնորհներին դիմելու հայտերը բաց են»,- հայտնել է նախարարի տեղակալը:
 
Ալֆրեդ Քոչարյանը խոսել է նաև թանգարանային ոլորտի խնդիրներից. հատկապես հրատապ են միասնական տոմսային տնտեսության արդիականացման հարցը, որն այցելուներին հնարավորություն կտա առցանց ձեռք բերելու բոլոր թանգարանների տոմսերը, թանգարանները վերականգնելու, վերանորոգելու, արդիականացնելու և 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու խնդիրը: Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ այս և մնացած խնդիրների լուծման ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ:
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, խոսելով Թանգարանների միջազգային օրվա «Թանգարանների ուժը» խորագրի մասին, նշել է, որ այն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ:
 
«Կարծում եմ՝ սա հատկապես կարևոր է հետքովիդյան շրջանում, երբ թանգարանները նորովի բացահայտեցին իրենց ներուժը, և թվային տեխնոլոգիաների ներդրումն ու արդիականացումն ասես հրատապ դարձան, օժանդակեցին հավաքածուների բացահայտմանը»,- նշել է Աստղիկ Մարաբյանն ու հիշեցրել, որ մայիսի 18-ին թանգարաններն անվճար կհյուրընկալեն այցելուներին աշխատանքային ժամերին, իսկ մայիսի 21-ին՝ 11:00-ից մինչ կեսգիշեր:
 
Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, շնորհավորելով գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ, նկատել է, որ այս տարի  Թանգարանների միջազգային օրվան, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացած 125 թանգարանների և Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանը խորհրդանշորեն զուգադիպում են: Տնօրենի տեղեկացմամբ՝ հոբելյանական տարվան ընդառաջ և այս տարի թանգարանն իրականացրել և իրականացնում է տարաբնույթ մի շարք միջոցառումներ: Թանգարանների միջազգային օրվա  շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը կարևորել է միջմշակութային համագործակցությունը տարբեր հաստատությունների հետ:  
 
«Նմանօրինակ համագործակցությունները հետագայում այդ շրջանակն էլ ավելի ընդլայնելու առիթ են ընձեռել: Այս համատեքստում նշեմ, որ այսօր՝ մայիսի 18-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ կիրականացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը։ 125-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության մեկ այլ օրինակ ևս՝ Ե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ. այսօր կբացվի նաև «Չարենց 2 հասցե» կրթական ծրագիրը, որի առաջին մասը տեղի կունենա Ե․ Չարենցի տուն-թանգարանում, ապա մասնակիցները կքայլեն դեպի Գրականության և արվեստի թանգարան՝ ճանապարհին ունկնդրելով Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը»,- տեղեկացրել է Ժաննա Մանուկյանը։
 
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը շնորհավորել և բեղմնավոր աշխատանքային գործունեություն է մաղթել ոլորտի բոլոր մասնագետներին, իսկ թանգարանասեր հանրությանը տեղեկացրել է, որ Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Սերգեյ Փարաջանովի թանգարանը ներկայացնում է «Մշակութային դրսևորումները Ս. Փարաջանովի թանգարանում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում այցելուներն իրենք պետք է վերնագրեն լուսանկարները, իսկ 3 լավագույն վերնագրերի հեղինակները կարժանանան մրցանակների:
 
«Թանգարանի ստեղծման օրից մեր թանգարանն իր գործուն մասնակցությունն է ունեցել հայաստանյան մշակութային կյանքում, և մեզ համար ուղենշային է, որ թանգարանի յուրաքանչյուր առարկա կենդանանա և ունենա հետաքրքիր ծրագրի առանցքային դեր: Գաղափարը  ծնվել է, երբ պատրաստվում էինք կազմակերպել այս ցուցահանդեսը. մենք հասկացանք, որ պետք է թանգարանային առարկաներին կենդանություն հաղորդել: Նշեմ, որ այսպիսի փորձ մենք արդեն ունեցել ենք, տարվա սկզբին թանգարանում ներդրվել է վիդեոինստալացիա՝ Ս. Փարաջանովի բանտում ստեղծած 4 աշխատանքներից և 2 լավագույն ֆիլմերի մոտիվներով»,- տեղեկացրել  է տնօրենը և թանգարանի բազմաթիվ ձեռքբերումներից նշել նաև թանգարանային առարկաների միջոցով «Կարմեն» անիմացիոն ֆիլմի ստեղծումը՝ փարաջանովյան պատկերացումներով: 
 
Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանն ու լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին: 
 
Նշենք նաև, որ մամուլի ասուլիսից հետո մի շարք թանգարանների աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով, պատվոգրով, շնորհակալագրով: