Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը համալրվել են աղբյուրագիտական նշանակություն ունեցող բացառիկ նյութերով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը համալրվել են աղբյուրագիտական նշանակություն ունեցող բացառիկ նյութերով
Մշակույթ
13:25, 04 июнь 2022
Արմատներով պոլսահայ բեռլինաբնակ Եդուարդ Ֆըչըճըեանը 2020 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել Գերմանական արտաքին գործերի գրասենյակի արխիվից (ֆայլ 183 «Թուրքիա») 1910-1920 թվականների ժամանակահատվածին վերաբերող 36 միկրոֆիլմային ժապավեններ (43.000 փաստաթուղթ), որոնք աղբյուրագիտական նշանակություն ունեն Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելու համար. տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

«Դրանց կարևորությունը կայանում է նրանում, որ այդ փաստաթղթերը Օսմանյան կայսրության դաշնակից պետության՝ Գերմանիայի դիվանագիտական ու ռազմական գործիչների հաղորդումներն ու զեկուցագրերն են, որոնց ուսումնասիրությունն ու համադրությունը ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության նախապես ծրագրված հանցագործություն էր:

Օրեր առաջ պարոն Եդուարդ Ֆըչըճըեանը ՀՑԹԻ-ին հանձնեց նաև այդ փաստաթղթերի թվայնացված տարբերակները, ինչն էլ ավելի կդյուրացնի հետազոտողների՝ դրանք ուսումնասիրելու գործը։

Ի նշան երախտագիտության՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ս.թ. մայիսի 31-ին Եդուարդ Ֆըչըճըեանին պարգևատրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով: Հուշամեդալի հանձնման արարողությանը ներկա էին աշխարհագրագետ-քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, գերմանաբնակ բժիշկ, Գերմանիայի հայ համայնքի ակտիվ անդամներից Շահեն Զեյթունցյանը, պ.գ.դ. Աշոտ Հայրունին, ՀՑԹԻ աշխատակիցներ: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն իր խոսքում շեշտեց նվիրաբերված նյութերի կարևորությունը: Ներկաներին իր խոսքը հղեց նաև Եդուարդ Ֆըչըճըեանը:

Եդուարդ Ֆըչըչըեանը ծնունդով Պոլսից է: 19 տարեկանից տեղափոխվել է և բնակվում է Բեռլինում: 1970-80-ական թթ. Շահեն Զեյթունցյանի հետ ակտիվորեն մասնակցել է Գերմանիայի հայ համայնքի կողմից կազմակերպվող ապրիլքսանչորսյան ցույցերին ու երթերին: Այդ տարիներին ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության մասին գերմանական մամուլի անդրադարձ և առանձին գրքի տեսքով գերմաներեն լույս է ընծայել: Ծանոթ է եղել Վոլֆգանգ Գուստին, որը հենց ուսումնասիրել է գերմանական արխիվները և գրել «Հայոց ցեղասպանությունը. ապացույցներ Գերմանիայի արտգործնախարարության արխիվից, 1915-1916թթ.» գիրքը:

Պարոն Ֆըչըճըեանը նշեց, որ ցեղասպանության թեման իր համար անչափ կարևոր է, քանի որ իրեն դաստիարակած ցեղասպանությունից մազապուրծ երզնկացի տատը Հայոց ցեղասպանության լուռ վկան է եղել»,- ասված է հաղորդագրությունում: