Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը
Մշակույթ
13:18, 11 июль 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Հուլիսի 10-17-ը կինոարվեստի երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու ամենամյա կինոտոնը:

Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը,  փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մշակութասեր հանրություն։ Արարողության մեկնարկին ներկայացվել են կադրեր մրցութային և ոչ մրցութային ֆիլմերից:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. նա  շնորհավորել է  ներկաներին  մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկի՝ «Ոսկե ծիրանի» բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին փառատոնի իրականացման գործում  ներդրած ահռելի ջանք ու եռանդի համար:

«Այն, որ «Ոսկե ծիրանը» լիարժեք իրականացնում է մշակույթի ոլորտում իր միջազգային մանդատը, կասկածից վեր է: Փառատոնն ունի երկու տասնամյակ անցած ճանապարհ, և այդ տասնամյակների ընթացքում շուրջ 13 հազար հայտ՝ ավելի քան 130 երկրներից, հազարավոր մեդիա անդրադարձներ փառատոնի մասին: «Ոսկե ծիրանի» շնորհիվ մենք ընդլայնում ենք կինոշուկայի, մասնագիտական շփումների և փորձի փոխանակման սահմանները: Վերջին տարիներին բարդ ժամանակներ ենք անցել՝ համավարակի սահմանափակումներով պայմանավորված, բայց նախարարության և փառատոնի ղեկավարության հետևողականության ու ջանքերի շնորհիվ  կարողացանք չընդհատել փառատոնի կենսագրությունը: Ավելին, այս տարի «Ոսկե ծիրանը» ոչ միայն վերականգնում է իր նախկին ձևաչափերն ու ծավալները, այլև որոշ ցուցանիշներում գերազանցում է նախկին ցուցանիշները; Պայմանավորվածություն ունենք, որ աննախադեպ է լինելու նաև հայկական արտադրության ֆիլմերի ընդգրկվածությունը»,- ասել է Արա Խզմալյանը և 19-րդ կինոփառատոնի կայացմանը մեծապես աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ ի դեմս քաղաքապետի, և նրանց, ովքեր իրենց ավանդն ու ներդրումն են ունեցել այս տարվա կինոտոնի կայացմանը:

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվել է Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։
 
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 100 ֆիլմեր տարբեր ծրագրերի ընթացքում։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից:
Փառատոնը կունենա երեք մրցութային ծրագիր։ Հարգանքի տուրք կմատուցվի անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։

Նշենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը կփակվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» կինոնկարով՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 17-ին։