Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր

Քննարկվել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր
Մշակույթ
22:45, 09 август 2022
Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների և պատմամշակութային հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման աշխատանքային խմբի հերթական նիստը:

Նիստը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նիստի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված և Հանրապետության հրապարակի բարեկարգման շինարարական աշխատանքների ընթացքում ստորգետնյա հատվածում հայտնաբերված քանդված շենքերի նկուղային հարկաբաժինների հնարավոր ցուցադրության ու հանրությանը հասանելի դարձնելու առաջարկները:

Հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձանի՝ «Զվարթնոց» համալիրի տարածքում տուրիզմի զարգացմանն ուղղված յուրահատուկ միջոցառումների մշակման և կազմակերպման գլխավոր նպատակն է հետաքրքրություն առաջացնել ոչ միայն տեղացի, այլև օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում: Միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ:

Աշխատանքային խմբի անդամներն առաջարկել են համագործակցել «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հետ, Օպերային թատրոնի մենակատարների, երաժիշտների, երգչախմբի մասնակցությամբ կազմակերպել ժամանակակից մոտեցումներով ներկայացումներ, որոնք «Զվարթնոց»-ը կդարձնեն երաժշտական մշակութային յուրօրինակ վայր:

Օրակարգային մյուս հարցի վերաբերյալ աշխատանքային խմբի որոշ անդամներ առաջարկել են ապակե ցուցափեղկի տակ ցուցադրել նկուղային հարկաբաժինները, որի միջոցով յուրաքանչյուր զբոսաշրջիկ հնարավորություն կունենա ծանոթանալու պատմամշակութային ժառանգությանը: Ըստ այլ առաջարկների՝ պետք է տարածքը դեռևս փակ պահել:

Հանդիպման ավարտին որոշվել է մշակել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված փառատոների կազմակերպման և հետագայում այն իրականացնելու նպատակով հայեցակարգային ծրագիր՝ հաշվի առնելով միջազգային փորձը, և ներկայացնելու ու հաստատելու համար կազմակերպել լրացուցիչ քննարկում:

Հանրապետության հրապարակի ողջ տարածքում պահպանված և 17-րդ դարին պատկանող և անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժինների ցուցադրության իրականացման հնարավորությունները կքննարկվեն նաև հետագայում: