Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը մի քանի օրով վերածվելու է աշխարհի գիտական-տեխնոլոգիական կենտրոնի. STARMUS-ը գալիս է Հայաստան

Հայաստանը մի քանի օրով վերածվելու է աշխարհի գիտական-տեխնոլոգիական կենտրոնի. STARMUS-ը գալիս է Հայաստան
Մշակույթ
12:49, 29 август 2022
2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը հյուրընկալելու է STARMUS միջազգային փառատոնը, որն իր տեսակով բացառիկ է Հայաստանի պատմության մեջ։ Փառատոնը մեր բնակչությանը հնարավորություն է տալու վայելելու գիտության ու արվեստի օրերը, ինչպես նաև հնարավորություն է տալու օտարերկրացիներին այցելելու Հայաստան և ի թիվս փառատոնի ծրագրի՝ ծանոթանալու նաև Հայաստանի գիտական և մշակութային ժառանգությանը։ 

Հայաստանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, երաժշտության ու արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, մրցանակակիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, երաժշտության ու արվեստի աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ:

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով ևւ նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին փափուկ վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը Կարմիր մոլորակ է տեղափոխել հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (Փրոփ-էմ) ռոբոտը։ 
 STARMUS միջազգային փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն 2011 թվականից անցկացվել է Թեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), հետագայում նաև Նորվեգիայում, Շվեյցարիայում։ Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները և նպատակ ունի հանրայնացնելու գիտությունը մարդկության համար արվեստի միջոցով։

Հայաստանում STARMUS VI փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ: