Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գարո Փայլանը Վանի նահանգում ուսումնասիրել է ոչնչացման վտանգի տակ գտնվող հայկական եկեղեցիների ու վանքերի վիճակը

Գարո Փայլանը Վանի նահանգում ուսումնասիրել է ոչնչացման վտանգի տակ գտնվող հայկական եկեղեցիների ու վանքերի վիճակը
Մշակույթ
22:11, 02 сентябрь 2022
Թուրքիայի խորհրդարանում ներակայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Վանի նահանգում ուսումնասիրել է անտեսման կամ ավերման պատճառով ոչնչացման վտանգի տակ գտնվող եկեղեցիների ու վանքերի ներկայիս վիճակը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:

Փայլանն առաջինը այցելել է  Վարագավանք:

«Artı Gerçek»-ի փոխանցմամբ՝ գանձագողերի գործողությունների և  անտեսման հետևանքով վանքը մեծ վնասներ է կրել։ Հսկայական վանքի կից շինությունների պատերը փլվել են, իսկ ճակատային մասի  և տանիքի վրա գոգավորություններ են առաջացել: Շուրջը այս ու այն կողմ են ցրված վանքի խաչով ու խորհրդանիշներով քարերը ու սյուները։ Վանքը, որի հիմնական հենարան կամարի քարերը մոտ են ընկնելուն, չվերականգնվելու դեպքում մի քանի տարուց կարող է փլվել։

Փայլանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վանքի վերանորոգման համար առկա է ուշագրավ բյուրոկրատական խոչընդոտ:

«Ինչու՞ չի վերականգնվում նահանգի կարևորագույն կառույցներից մեկը՝ Վարագավանքը: Որովհետև վանական համալիրի վերականգնման  համար մշակույթի և զբոսաշրջության նախարարությանն ուղարկված հայտին տրված պատասխանում բախվում ենք հետևյալին. «Սա մասնավոր սեփականություն է: Մենք չենք կարող քայլեր ձեռնարկել»: Հետաքննելու արդյունքում, թե ում է պատկանում վանքը, պարզվում է, որ դրա սեփականության վկայականը պատկանում է լրագրող Ֆաթիհ Ալթայլին»,-ասել է Փայլանը:
Հիշեցնելով, որ Վարագավանքը 1200 տարվա պատմություն ունի և ունի յոթ եկեղեցի, Փայլանը կոչ է արել Ֆաթիհ Ալթայլըին հրաժարվել սեփականության իրավունքից, որպեսզի վանքը չքանդվի:

«Մենք ասում ենք ում պատկանում է այդ մասնավոր սեփականությունը թող վերադարձնի։ Տեղեկանում ենք, որ սա լրագրող Ֆաթիհ Ալթայլըի սեփականությունն է։ Ես սա չեմ հասկանում: Ինչո՞ւ մի լրագրող, Թուրքիայից մի լրագրող վանք ունի»,- ասել է Փայլանը: 
Փայլանը հայտարարել է, որ եթե Ֆաթիհ Ալթայլըն վանքի սեփականության իրավունքը հնարավորինս շուտ փոխանցի Հայոց պատրիարքարանին կամ Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ապա այս վայրը կվերականգնվի։

«Սա շատ կարեւոր հոգեւոր համալիր է, որտեղ հազարավոր հոգևորականներ կարող են պատրաստվել։  Այս համալիրը լքված վիճակում է: Եթե պարոն Ֆաթիհ Ալթայլըն այս վայրը հնարավորինս շուտ փոխանցի Հայոց պատրիարքարանին կամ մշակույթի նախարարությանը, ապա այս վայրը կվերականգնվի։ Հակառակ դեպքում այս վայրը կմնա քանդման ենթակա։ Եթե այս վայրի սեփականության վկայականը հնարավորինս շուտ փոխանցվի, ապա այս վանքը կփրկվի։  Այստեղից կոչ եմ անում պարոն Ֆաթիհ Ալթայլըին: Այս վանքի սեփականությունը, որը  ձեր անունով է, փոխանցեք մշակույթի նախարարությանը կամ Հայոց պատրիարքարանին, որպեսզի այս պատրվակը վերանա (նկատի ունի, որպես մասնավոր սեփականություն չվերանորոգվելու.-խմբ)։ Թող այս մշակութային շինությունը գոյատևի»,- նշել է Փայլանը:

Կարո Փայլանը հիշեցրել է, որ հարյուր տարի առաջ այդ տարածաշրջանում ապրող մարդկանցից  ամեն հինգերորդը և Վանում ապրող 3-ից 2-ը հայ է եղել։

«Հայ ժողովուրդը շատ լուրջ քաղաքակրթություն է ստեղծել։ Այն ունի հազարավոր մշակութային արժեքներ, վանքեր, եկեղեցիներ, դպրոցներ և հիվանդանոցներ: Ցավոք, հայ ժողովրդին կոտորելուց հետո այդ մշակութային արժեքները ծրագրված քաղաքականությամբ ոչնչացվեցին: Պետության (նկատի ունի Թուրքիայի Հանրապետությունը.-խմբ) կողմից կազմակերպված վանդալիզմի պայմաններում այս հազարամյա մշակութային արժեքներից փոքրաթիվ հետքեր են մնացել: Քիչ բան է կանգուն մնացել: Բայց այս շինությունները վերջին շունչն են ապրում: Եթե մի քանի տարվա ընթացքում փրկելու համար միջամտություն չկատարվի, ապա այս պահպանվածներից էլ շատ բան չի մնա»,-ասել է նա:

Հայազգի պատգամավորը նշել է, որ Անկարա վերադառնալուն պես զբաղվելու է այս հարցերով:
Նա նշել է, որ ճիշտ է, Աղթամարի վանքը վերականգնվել է և դա կարևոր է, բայց Թուրքիայում հազարավոր, իսկ Վանում՝  հարյուրավոր այդպիսի «Աղթամարներ» կան, որոնք սպասում են իրենց «փրկությանը»:
Նրա խոսքով՝ Վարագավանքի համալիրի մեջ գոյություն ունեցող յոթ եկեղեցիների վերականգնումը կարող է փոքր-ինչ ավելի բուժել «հայ ժողորդի սրտում եղած վերքը»: