Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են Գրքի երևանյան 5-րդ փառատոնի մրցանակակիրները

Հայտնի են Գրքի երևանյան 5-րդ փառատոնի մրցանակակիրները
Մշակույթ
19:17, 03 октябрь 2022
Գրքի հինգերորդ երևանյան փառատոնը, որն անցկացվել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, եզրափակվել է գրական տոնի շրջանակում անցկացվող մրցանակաբաշխությամբ:

Փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Պոեզիա» անվանակարգում հավասար միավորներով հաղթող են ճանաչվել Կարեն Անտաշյանը և Մարինե Պետրոսյանը, «Արձակ» անվանակարգում պարգևատրվել է Տիգրան Պասկևիչյանը, «Դրամատուրգիա» անվանակարգում՝ Աննա Դավթյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Խաչիկ Գրիգորյանը:

«Փառատոնի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, հայ դասական և ժամանակակից գրականությունը հետևողականորեն թարգմանաբար հանրահռչակելու համար» Հատուկ մրցանակի է արժանացել Լիլիթ Մելիքսեթյանը:

Եռօրյա փառատոնը, որը նվիրված էր Վահագն Դավթյանի 100-ամյակին, մեկ հարկի տակ էր համախմբել հրատարակիչների, գրողների, ոլորտի այլ ներկայացուցիչների ու ընթերցասերների: Փառատոնի շրջանակում կազմակերպվել է վաթսուն միջոցառում, գործել է բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, անցկացվել են գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն:

Հինգերորդ փառատոնն առանձնացել է միջազգային ընդգրկմամբ: Այն հյուրընկալել է անվանի գրողների Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են եղել Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և տասնյակ ուրիշներ։
Մասնակցել է 35 հրատարակչություն, 165-ից ավելի գրող դիմել է գրական մրցույթին մասնակցելու համար:

Միջոցառումներ են անցկացվել ոչ միայն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, այլև  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի կազմակերպիչը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն էր: