Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի նվիրված է կլիմայի փոփոխությանը

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի նվիրված է կլիմայի  փոփոխությանը
Մշակույթ
11:45, 31 октябрь 2022
«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվեն վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմերն՝ աշխարհի տարբեր անկյուններից։

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի 2022թ․-ի ֆիլմերի ծրագրի երեք անվանակարգերն են՝ լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, մանկապատանեկան ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված կլինեն նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։

«Արևորդի» փառատոնի՝ այս տարվա ծրագրի հավելվածներից մեկն է նոյեմբերի 11-14-ը նախատեսված «Կանաչ թղթակիցների դպրոցը»՝ ինտենսիվ ուսումնառության նորաստեղծ հարթակը, որի թիրախում մեդիա ոլորտում ներգրավված երիտասարդների շրջանում Հայաստանում էկո-լրագրության զարգացումն է և բնապահպանական ու կլիմայական խնդիրներին առնչվող թեմաների լուսաբանման որակի բարելավումը:

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը 2007թ․-ին հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Իր տեսակով այն առաջինն ու դեռևս միակն է Հարավկովկասյան տարածաշրջանում։

Հիմնադրման պահից «Արևորդի»-ն կամրջել է բնության պահպանության խնդիրներով մտահոգ տեղական ու միջազգային համայնքի ներկայացուցիչների։ Փառատոնը էկո-ոլորտի շուրջ երկխոսության, իրազեկման, ստեղծագործ լուծումների մշակման հնարավորություն ընձեռող հարթակ է։

2022թ․ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի գործընկերներն են Վիվա-ՄՏՍ-ը, ԱՄՆ Անտառային ծառայությունը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։