Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր մեր բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ ոչնչացման կամ վնասման հոսքագծի վրա են. Վարչապետը հրավիրեց բարերարների ուշադրությունը

«Այսօր Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք ըստ էության ոչնչացման կամ վնասման հոսքագծի վրա են գտնվում: Իհարկե, կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել, ես այդ թեմայով հատուկ հանձնարարական եմ տվել՝ ընդգծելով առանձնահատուկ նշանակությունը այն պատմամշակութային հուշարձանների, որոնք իրենց բովանդակությամբ ընդգծում են քաղաքացիական և պետական ենթակառուցվածքների պատմական ասպեկտը»,- այսօր՝ նոյեմբերի 3-ին, Կառավարության հերթական նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը բարերարների ուշադրությունը հրավիրեց այս խնդրի վրա. «Կան պատմամշակութային հուշարձաններ, որոնց վերականգնումը կարող է շատ լավ և դրական գործ լինել, բայց մյուս կողմից՝ մենք, ցավոք, դեպքեր ունենք, երբ պատմամշակութային հուշարձանների վերականգնման պրոցեսում էլի «շուշաբանդային» տրամաբանություն են օգտագործել, և այս ուղղությամբ պետք է շատ զգույշ և ուշադիր լինել և իհարկե անպայման համագործակցված ԿԳՄՍ նախարարության հետ հուշարձանների պահպանության առումով առաջընթաց, ոչ թե հետընթաց ունենալու համար»: