Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի մեկնարկը տրված է

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի մեկնարկը տրված է
Մշակույթ
15:26, 05 ноябрь 2022
«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը հաջողությամբ մեկնարկեց 2022թ․ նոյեմբերի  4-ին. տեղեկացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։

Հայաստանի կինոգործիչների միությունում կայացավ «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացման արարողությունը։ Միջոցառման բացմանն ելույթներով հանդես եկան «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը, փառատոնի հիմնադիր և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը։

Փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանն իր բացման խոսքում նշեց, որ 11-րդ «Արևորդին» թիրախավորում է ներկայիս, թերևս, ամենաակտուալ բնապահպանական մարտահրավերը՝ կլիմայի փոփոխությունը, որը մինչ օրս շատերի համար կա՛մ չափազանց դժվար ըմբռնելի է, կա՛մ այնքան վերացական, որ հեշտությամբ անտեսվում է։ Նա շեշտեց․ «Ցուցադրվող ֆիլմերը փորձ են հուշելու, որ անկախ բոլոր հանգամանքներից, աշխարագրական դիրքից ու սոցիալական կարգավիճակից, այսօր բոլորս էլ առերեսվում ենք կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին և հետևաբար բոլորս էլ պետք է նույնքան հոգատարությամբ փորձենք քայլեր ձեռնարկել առավել կանաչ ապագայի համար»։ 

Սոնա Քալանթարյանը նաև հավելեց, որ փառատոնը հնարավոր եղավ իրականացնել բազմաթիվ աջակից կազմակերպությունների շնորհիվ, որոնց թվում են ԱՄՆ Անտառային ծառայությունը, Վիվա-ՄՏՍ-ը և այլն։ ԱՄՆ Անտառային ծառայությունինց, թեև չէին կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել բացման արարողությանը, իրենց խոսքն են հղել՝ շեշտելով միջոցառման կարևորությունը․

«ԱՄՆ Անտառային Ծառայությունը հպարտ է աջակցելու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին։ Այս շարունակական համագործակցությունը ուղղակիորեն նպաստում է Ծառայության առաքելությանը միջազգային մասշտաբով պահպանելու անտառների և խոտածածկ տարածքների կենսունակությունը, բազմազանությունը և ինքնարտադրողականությունը: Ուրախ ենք շեշտել, որ փառատոնի այս տարվա թեման՝ կլիմայի փոփոխությունն է, քանի որ այն կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ մեր մոլորակի կենսաբազմազանության և շրջակա միջավայրի կայունության վրա»:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքերով․ «Վերջին երեք տարիների ընթացքում փառատոնը ապրել է բավականին բարդ շրջան՝ առերեսվելով այնպիսի հանգամանքների, ինչպիսիք էին Քովիդ 19 համաճարակը, երկրում պատերազմական իրողությունը և անկայուն սոցիալ-քաղաքական իրավիճակը։ Չնայած այդ բոլոր դժվարություններին՝ փառատոնը կարողացել է կանգուն մնալ ու զարգանալ, ինչը մեծ չափով հնարավոր եղավ փառատոնի տնօրենի նվիրվածության, ջանքերի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ»։ Նա նաև նշեց, որ հաջորդ տարի հիմնադրամի Հայաստանում գործունեության 20-ամյակին նվիրված փառատոնը կներկայանա ավելի ընդլայնված ծրագրով, ավելի շատ ֆիլմերով ու միջոցառումներով։

Մեկնարկի պաշտոնական մասի ավարտին ներկաներին ողջույնի խոսք ուղղեց նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ով իր հայերենով անակնկալ հուզական ելույթով տպավորեց ներկաներին։ Կարևորելով կլիմայի փոփոխության վերաբեյալ փառատոնի լուսավորչական-կրթական գործոնը, դեսպանը փաստեց, որ Նիդերլանդները, որպես ծովի մակարդակից ամենացած գտնվող երկրներից մեկը, առաջիններից է զգալու գլոբալ տաքացման անդառնալի ազդեցությունը։ Այս էկոլոգիական աղետի արդիականության համատեքստում, նա Հայաստանի և Նիդերլանդների աշխարհագրական դիրքերի տեսանելի համեմատություն ներկայացրեց և հավելեց, որ «Համաշխարհային այս կատակլիզմը նույնքան վտանգավոր և տագնապալի է երկրագնդի բոլոր հատվածների ու կետերի համար՝ անկախ իրենց տեղայնությունից»։ Դեսպանն առանձնահատուկ ուրախությամբ ընդգծեց, որ փառատոնը մեկնարկում է Նիդերլանդների հետ համատեղ արտադրության ֆիլմով։
 
Փառատոնի բացմանը ցուցադրվեցին մրցութային ֆիլմերից հատվածներ, ինչպես նաև ներկայացվեց ժյուրիի ամբողջական կազմը և մրցանակները, ինչին հաջորդեց Ժաո Լիենգի «Ցավում եմ»` Կաննի, Գուանչժոուի և այլ հայտնի միջազգային կինոփառատոնների պատվավոր հաղթող-մրցանակակիր ֆիլմի ցուցադրությունը։ 
Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը ցուցադրվելու են վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմ՝ աշխարհի տարբեր անկյուններից։  
 
Հանդիսատեսին բեմից իրենց երաժշտական ողջույնը հնչեցրին նաև «Working People» խմբի երաժիշտները, որոնք ջերմ և անմիջական ընթացք հաղորդեցին միջոցառմանը: