Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայահավաք» նախագծի շրջանակում կիրականացվի «Մոնտեվերդիից Սարյան» համերգային ծրագիրը

«Հայահավաք» նախագծի շրջանակում կիրականացվի «Մոնտեվերդիից Սարյան» համերգային ծրագիրը
Մշակույթ
13:38, 10 ноябрь 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) և «Քլինգեն երգչախումբ և մշակութային ասոցիացիան» (Միացյալ Թագավորություն, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ) կիրականացնեն «Մոնտեվերդիից Սարյան» համերգային ծրագիրը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ, որի ընթացքում ելույթ կունենան Միացյալ Թագավորությունից ժամանած երաժիշտներ Սիփան Օլահը (տենոր, դիրիժոր), Հակոբ Ջեք Մուրատյանը (հոբոյ), Մարիա Փալազեանը (կլավիսին, դաշնամուր):

Կհնչեն Ջ. Ջիորդանիի, Ա. Կալդարայի, Դ. Սկարլատիի, Կ. Մոնտեվերդիի, Ք. Վ. Գլյուկի, Գ. Ֆ. Հենդելի, Ա. Մարչելոյի, Ջ. Կարիսիմիի, Ջ. Բոնոնչինիի, Ա. Սպենդիարյանի, Ղ. Սարյանի, Ալ. Հարությունյանի ստեղծագործությունները: Գործիքային անսամբլի բոլոր մշակումները Սիփան Օլահինն են:

Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթներով հանդես են գալիս հայազգի արտիստներ, որոնք նախկինում ինչ-ինչ պատճառներով դեռևս ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Նախագծի շրջանակում ավելի վաղ Երևանում համերգներով ներկայացել են դիրիժորներ Միսաք Պաղպուտարյանը (Սիրիա), Նուրհան Արմանը (Կանադա), Լյուք Բաղդասարյանը (Շվեյցարիա), Կարո Ավեսյանը (Լիբանան) և Պետրոս Շեթիլյանը (ԱՄՆ)։