Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում հայկական արտադրանքից ամենաշատը գնում են չրեր, թեյեր, մեղր

ԱՄՆ-ում հայկական արտադրանքից ամենաշատը գնում են չրեր, թեյեր, մեղր
Մշակույթ
16:00, 17 ноябрь 2022
«Հայկական արտադրանքներից ԱՄՆ-ում ամենաշատը գնում են ուտեստներ՝ չիր, մեղր, թեյ, բայց մենք՝ «Buy Armenian» կայքում վաճառում ենք ամեն տեսակի հայկական արտադրանք․ գորգեր, զարդեր, հագուստներ, շարֆեր, ինչ ցանկանաք հնարավոր է գտնել այս հարթակում»,- ասել է «Buy Armenian»- ի համահիմնադիր Լիլիթ Օդաբաշյանը շարունակելով,- «Մեր հարթակում ունենք 1100 արտադրող ու վաճառող, որոնց 95 տոկոսը Հայաստանից են, և հարթակում ներկայացված է 11 000 ապրանք։ Յուրաքանչյուր ապրանք պատվիրատուին հասնում է 7-14 օրվա ընթացքում, բայց հուսով եմ՝ ավելի կարագանա մեր առաքումը»։

Լիլիթը համոզված է, որ հայկական արտադրությունը կարող է մրցակցել աշխարհի բրեդների հետ։ Նա ընդգծել է․ «Միակ տարբերությունն այն է, որ համաշխարհային բրենդները լավ մարքեթինգ են արել, իսկ հայ ժողովուրդը առիթ չի ունեցել այդ մարքեթինգն անելու, ուստի «Buy Armenian»-իպարտականությունն է դա մեզ վրա վերցնել։ Հավատացե՛ք, հայկական արտադրանքն իսկապես կարող է մրցակցել համաշխարհային բրենդների հետ, քանի որ որակը շատ ավելի լավն է և այլ առավելություններ կան»։

Հիշեցնենք, որ «Buy Armenian» հարթակը ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ չափազանց դժվարին ժամանակներ են եղել հայ տնտեսվարողների համար։ Այդ ժամանակ էլ Լիլիթ և Նշան Օդաբաշիանները ստեղծել են նույնանուն սոցիալական էջը, որը շատ արագ բազմահազարանոց լսարան է հավաքել ու մեծ արձագանք ստացել։

Լիլիթ Օդաբաշյանը վերհիշում է․ «Այն ի սկզբանե ֆեյսբուքյան խումբ էր, որտեղից ԱՄՆ-ում բնակվող մարդիկ հայկական արտադրանք էին ձեռք բերում։ Որոշ ժամանակ աշխատելով այդ ուղղությամբ տեսանք, թե դժվարություները որտեղ են՝ սփյուռքի հետ կապը ստեղծել, փոխադրման, վճարման դժվարություններ և այլն։ Այդ պահին մտածեցինք՝ պետք է ստեղծել buyarmenian.com հարթակը, որն ամեն ինչին լուծում է տալու»։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 10-11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալու է «Ամանորի սպասումով» հայկական տոնավաճառը, որտեղ ներկայացված են լինելու շուրջ 80 հայ արտադրողների ապրանքատեսակները։ Լիլիթը հատուկ ընդգծել է, որ հրավիրված են արտադրողներ Հայաստանից, որոնք պետք է անձամբ ներկա գտնվեն ԱՄՆ-ում և ներկայացնեն իրենց ապրանքները։
«Buy Armenian»-ի համահիմնադիրը զրույցը եզրափակել է տոնավաճի մասին խոսքով․

«Ամբողջ աշխարհը սուրբ ծննդյան տոներին նվերներ է գնում․ մեր նպատակն այն է, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին հայը քաջալերի հային։ Եթե դու, ամեն դեպքում, պետք է նվեր գնես, ինչո՞ւ չգնես այն հայ արտադրողից»,- հարցնում է Լիլիթը և շարունակում,- «Մենք ուզում ենք հասնել ամեն հայի տուն և ասել՝ գնի՛ր հայկականը։ Ես, եթե որևէ տեղ մի բան եմ տեսնում, մտածում եմ արդյոք կա՞ այս նույնի հայկականը, և եթե այո, ապա գնում եմ հայկականը։ Կարծում եմ, որ եթե հայության գոնե 10 տոկոսն այսպես մտածեր, ավելի լավ կլիներ»։