Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները`միջազգային մրցույթի հաղթողներ

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները`միջազգային մրցույթի հաղթողներ
Մշակույթ
14:34, 21 ноябрь 2022
«Ոսկե ձայներ» երգի միջազգային մրցույթի տարբեր անվանակարգերում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները գրավել են առաջին հորիզոնականը և արժանացել Գրան պրի մրցանակի: Մրցույթին մասնակցում էին 20-ից ավելի երկրներ, և այն արդեն երրորդ անգամն էր անցկացվում Հայաստանում:

Կենտրոնի տնօրեն Կ. Դավթյանը եղել է մրցույթի ժյուրիի անդամ: Մեզ հետ զրույցում վերջինսնշեց, որ ժյուրիի կազմում եղել են բոլոր  երկրներից ներկայացուցիչներ, և նրանցից յուրաքանչյուրն իրերկրի մասնակցի օգտին քվեարկելու իրավունք չի ունեցել:
 
Անդրադառնալով համալսարանականների ելույթներից ժյուրիի ստացած տպավորություններին՝ Կ. Դավթյանը նշեց. «Բոլորն անչափ տպավորված էին Գայանեի և Միքայելի կատարումներից: Ժյուրիի անդամներին հատկապես հիացրել էին Միքայելի հրաշալի ձայնը և արտիստիզմը, իսկ Գայանեն այնքան հրաշալի երգեց իր հեղինակած բարդ երգը, որ բոլորին թվաց, թե նա Կոնսերվատորիայի՝ դասական վոկալի բաժինն է ավարտել»:

Միջազգային մրցույթի հաղթողներ Գայանեն և Միքայելը մեզ հետ զրույցում ընդգծեցին, որ մրցույթին մասնակցելու որոշման հարցում մեծ դերակատարում է ունեցել ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

Գայանե Թադևոսյանը, կարևորելով ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դերը իր հաղթանակի ձեռքբերման գործում, նշեց. «Իմ ստեղծագործական ամբողջ կյանքն անցել է մշակույթի կենտրոնում, և, կարելի է ասել, բոլորս ԵՊՀ-ի շնորհիվ ենք դարձել այն, ինչ կանք այսօր: Թեև այժմ աշխատում եմ իմ մասնագիտությամբ և բոլորովին այլ ոլորտում, բայց դեռևս շարունակում եմ մասնակցել մշակութային միջոցառումների, որովհետև առանց երգի ապրելն ինձ համար անիմաստ է»:

Մրցույթի ժամանակ Գայանեն ներկայացրել է «Ես կգամ» երգը, որը «Լավագույն հեղինակային երգ» անվանակարգի հաղթողն է եղել:

«Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հաղթած Միքայել Նշանյանը հիշեցրեց, որ,մասնակցելով «Բալթիկ վոյս» մրցույթին, գրավել  էր 1-ին տեղը, ապա հավելեց, որ այս մրցույթում ներկայացրել է իր և Կ. Դավթյանի ընտրած երգը: Միքայելը առանձնակի կարևորեց նաև   այն, որ երգնընտրելիս պետք է հաշվի առնել ձայնի և ոճի համապատասխանությունը:

Նշենք, որ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները տարիներ շարունակ մասնակցում են հանրապետական, միջազգային, միջբուհական և բազմաթիվ այլ մրցույթների և ամենուրեք բարձր են պահում Երևանի պետական համալսարանի անունն ու պատիվը: