Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ճարտարապետների պալատը կոչ է արել պատասխանատվության ենթարկել լուսազարդարման աշխատանքների իրականացման հետևանքով հուշարձան շենքերը վնասողներին

Հայաստանի ճարտարապետների պալատը կոչ է արել պատասխանատվության ենթարկել լուսազարդարման աշխատանքների իրականացման հետևանքով հուշարձան շենքերը վնասողներին
Մշակույթ
17:06, 01 декабрь 2022
Հանրապետության հրապարակում 2022 թվականի ամանորյա լուսազարդարման աշխատանքների իրականացման հետևանքով էական վնաս է հասցվում Հայաստանի Խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշանական անսամբլի մաս կազմող հուշարձան շենքերին, որոնք ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում և պահանջում պարզաբանում գործընթացը նախաձեռնած Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև ժառանգության պահպանության պատասխանատու լիազոր մարմնից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնավորապես արդյո՞ք առկա է նախարարության խորհրդակցական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը իրականացվող լուսազարդման նախագծի վերաբերյալ։

Պալատը գտնում է, որ անհրաժեշտ է արժևորել և պահպանել մայրաքաղաքի քաղաքային կարևորագույն հանգույցի ոչ միայն թամանյանական կառույցների ճարտարապետությունը, այլև հայ քարագործ վարպետների ձեռակերտ աշխատանքը։

Հայաստանի ճարտարապետների պալատը, պահանջում է անհապաղ դադարեցում աշխատանքները, և քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ներկայացնող պահպանվող շենքերի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ, ինչպես նաև պատշաճ կարգով պատասխանատվության ենթարկել հուշարձան շենքերը վնասողներին։ 

Հայաստանի ճարտարապետների պալատ