Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ծրագրում է նոր եկեղեցի կառուցել Հորդանան գետի ափին. դիվանապետ․ regionmonitor.com

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ծրագրում է նոր եկեղեցի կառուցել Հորդանան գետի ափին. դիվանապետ․ regionmonitor.com
Մշակույթ
17:15, 07 декабрь 2022
Իսրայելում հայկական համայնքի, նրանում նոր նախաձեռնությունների, ինչպես նաև վերջերս Երուսաղեմում վերաբացված «Հելէն եւ Էտուարտ Մարտիկեան» թանգարանի և հարակից այլ հարցերի շուրջ Region Monitor-ը զրուցել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ:

Հարցազրույցը՝ ստորև.

Հարց: Հա՛յր Սուրբ, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կարծես, ձևավորվելու է նոր կոալիցիոն կառավարություն՝ հիմնականում աջակողմյան և կրոնական կուսակցությունների մասնակցությամբ։ Սովորաբար ինչպիսի՞ ազդեցություն են ունենում նման փոփոխությունները համայնքային կյանքի վրա։


Պատասխան: Հայերը Սուրբ Երկրում [խմբ.՝ Իսրայելում] հաստատվել են չորրորդ դարում: Հայ եկեղեցին միակ քրիստոնեական համայնքն է, որ մինչ օրս այստեղ ունեցել է անխափան ներկայություն: Պատմության ընթացքում մյուս բոլոր համայնքներն արտաքսվել են Սուրբ Երկրից՝ տարբեր իշխանությունների կողմից և բավական ժամանակ աքսորված կամ վտարված լինելուց հետո են միայն կարողացել վերադառնալ:

Հայերի շարունակական ներկայությունը պայմանավորված է նրանով, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը և համայնքը երբեք չեն զբաղվել քաղաքականությամբ: Նրանք Սուրբ Երկրում իրականացրել են կրոնական ու ազգային առաքելություն և այսօր էլ շարունակում են կատարել այն՝ անկախ նրանից, թե ովքեր են իշխանության եկել, և թե ինչպիսի կառավարություններ են ընտրվում կամ ձևավորվում: 

Հարց: Ինչպես գիտենք, հայկական թաղամասը Երուսաղեմի Հին քաղաքի հարավ-արևմտյան հատվածում է գտնվում և զբաղեցնում է վերջինիս տարածքի մեկ վեցերորդ հատվածը: Այն համարվում է ամենափոքր և քիչ բնակեցված թաղամասը: Կա՞ն տվյալներ, թե քանի հայ է բնակվում հայկական թաղամասում: Ի՞նչ խնդիրների է բախվում հայկական համայնքը Երուսաղեմում կամ առհասարակ Իսրայելում:

Պատասխան: Երուսաղեմի Հայկական թաղամասում ապրում է մոտավորապես 3000 հայ: Սուրբ Երկրում (ներառեալ Պաղեստինը) ապրում է մոտ 8000-10000 հայ:

Սուրբ Երկրում հաստատվելուց երեք դար հետո՝ 638 թվականին հայերը հիմնել են Հայոց պատրիարքությունը: Հայ համայնքն այստեղ համարվում է կրոնական փոքրամասնություն, որի ղեկավարն է Երուսաղեմի հայ պատրիարքը:  

Հայերի, ինչպես այստեղ ապրող բոլոր քրիստոնեական համայնքների ներկայացուցիչների հիմնական խնդիրները կապված են երկրի անվտանգության հետ: Արաբա-իսրայելական կոնֆլիկտի պատճառով հաճախ են լինում ահաբեկչական գործողություններ, սպանություններ և տարբեր անկարգություններ, որոնք բացասաբար են ազդում մեր հայրենակիցների առօրյա կյանքի, աշխատանքի և  բիզնես գործունեության վրա:

Անվտանգային խնդիրներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում նաև պետության տնտեսության վրա, որի պատճառով մեր հայրենակիցներից շատերը գաղթել են Սուրբ Երկրից և հաստատվել են հայրենիքում կամ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

Մինչև 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմը Սուրբ Երկրում ապրել է  25 000 հայ: 1920-ական թվականներին երկրի հյուսիսում նույնիսկ հայկական գյուղ է հիմնադրվել «Ատլիտ» անունով: Հայերի թիվը զգալիորեն նվազել է 1948 թվականի պատերազմի և դրան հաջորդած տնտեսական ճգնաժամերի պատճառով:

Հարց: Վերջերս՝ հոկտեմբերի 23-ին Երուսաղեմում վերաբացվել է «Հելէն եւ Էտուարտ Մարտիկեան» թանգարանը: Հայտնի է, որ թանգարանը փակ էր գրեթե 10 տարի, իսկ վերանորոգումը տևել է մոտավորապես 5 տարի: Հայր Սուրբ, թանգարանն ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել, ինչպիսի՞ ցուցանմուշներ են ավելացել: Կա՞ն հստակ ժամկետներ, թե երբ է թանգարանը բացելու իր դռները զբոսաշրջիկների և ուխտավորների առջև:

Պատասխան: Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, սակայն այցելուների համար այն բաց է նոյեմբերի 15-ից:
Թանգարանում ներկայացված է Սուրբ Երկրում հայերի ներկայության ամբողջ շրջանը տարբեր տիրապետությունների՝ հռոմեական, բյուզանդական, արաբական, խաչակիրների, մամլուքների, օսմանյան, բրիտանական, հորդանանյան և իսրայելյան ժամանակաշրջաններում: Հիմնականում ներկայացված են տարբեր իշխանությունների օրոք պատրիարքության և հայերի արձանագրած ձեռքբերումները և այն հարուստ ժառանգությունը, որ ստեղծվել է Սուրբ Երկրում: Հատուկ բաժնում ցուցադրված են տարբեր տիրակալների կողմից հայ պատրիարքներին տրված հրամանագրերը և հրովարտակները, որոնցով ճանաչվել են Հայ եկեղեցու իրավունքները սրբավայրերում և ունեցվածքը՝ Սուրբ Երկրում:

Առանձին բաժնով ներկայացված է Հայոց ցեղասպանությունը, որտեղ հատուկ անդրադարձ կա թանգարանի շենքում 1922 թվականին բացված «Արարատեան» որբանոցի պատմությանը:

Ներկայացված է նաև հայոց պատրիարքության կողմից Երուսաղեմում բացված (1833թ.) առաջին տպարանի պատմությունը: Այցելուներն այստեղ կարող են տեսնել առաջին տպագրական մեքենան, տպված առաջին գիրքը և մի քանի տառատեսակներ:

Հարուստ հավաքածուով ներկայացված է Սուրբ Երկիր հայերի կողմից ներմուծված հախճապակու արվեստը, որտեղ ցուցադրված են հիմնականում առաջին երեք արվեստագետների՝ Նշան Բալյանի, Մկրտիչ Գարագաշյանի և Դավիթ Օհանէսսյանի և նրանց շառավիղների աշխատանքները: Նրանց շնորհիվ հախճապակու արվեստը Երուսաղեմում դարձել է հայ ժողովրդի յուրօրինակ այցեքարտ:

Հարուստ է նաև եկեղեցական զգեստների և սպասքի բաժինը, որտեղ ցուցադրության են դրված Բոնապատ Նապոլեոնի վրանի աստառից պատրաստված շուրջառը, Գրիգոր Շղթայակիր պատրիարքի ասեղնագործ շուրջառը և այլ արժեքավոր իրեր:

Թանգարանի փոքր սրահներից մեկում այցելուները դիտում են թանգարանի կողմից պատրաստված հատուկ ֆիլմ:

Սակայն, թանգարան այցելող յուրաքանչյուր ոք թերևս ամենաշատը կտպավորվի Սուրբ Երկրում անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանով՝ վեցերորդ դարում պատրաստված 4,4 մ x 7,15 մ հայկական խճանկարով:  

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում