Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուզում եմ արվեստի նման հավերժ լինեն Հայաստանն ու Արցախը»․ կայացել է պատգամավոր Քրիստինե Պողոսյանի «Էմալե Հավերժություն» խորագրով անհատական ցուցահանդես-վաճառքը

Դեկտեմբերի 16-ին, Նկարիչների միությունում, տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի «Էմալե Հավերժություն» խորագրով անհատական ցուցահանդես-վաճառքը։

Միջոցառմանը ներկա էին Քրիստինե Պողոսյանի հարազատները, գործընկերները, նկարիչներ և մշակութային գործիչներ։

Պատգամավորը ֆիլմի միջոցով պատմեց, թե ինչ բարդ ճանապարհ է անցել նկարել սովորելու համար․ «Ամբողջ կյանքում ինձ թվում է՝ ես սիրահարված եմ եղել արվեստին ու մտածել եմ, որ մարդու գոյաբանական իմաստը երևի միայն արվեստի մեջ կարող ես գտնել»։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեզ հետ զրույցում նշեց՝ հպարտության զգացում ունի․ «Այստեղ աշխատանքներ են, որոնք շատ տպավորիչ են»։

Քրիստինե Պողոսյանը պատասխանելով հարցին, թե ինչպես է համատեղում քաղաքականությունը, արվեստը և կենցաղը, ասաց․ «Դժվար, շատ մարդիկ կասեին նույնիսկ անհնարին, բայց իմ ընկերները գիտեն, որ իմ էներգիան անսպառ է, եթե ես մի բան ուզում եմ՝ ինձ ոչինչ չի կարող կանգնեցնել այդ ճանապարհից»։ 

Մեր հարցին՝ արդյո՞ք քաղաքական գործունեության ընթացքում ուժ տալիս է մշակութային գործունեությունը, պատգամավորը նշեց․ «Անկե՞ղծ, մշակութային գործունեությունը փրկում է իմ հոգին քաղաքականությունից ու բոլոր այն պահերին, երբ ես հասկացել եմ, որ էլ ուժ չկա, երբ հուսալքված էի»։

Պատգամավորի հայրը՝ Ատոմ Պողոսյանը, ով իր դստեր ֆիզիկայի ուսուցիչն է եղել դպրոցում, իր խոսքում նշեց, որ անգամ նա նկարների մեծ մասը չէր տեսել և տպավորությունները հրաշալի են․ «Բացի իմ աղջիկը լինելուց, Քրիստինեն իմ ամենալավ աշակերտուհին է մնացել ինձ համար։ Հրաշալի է, ամեն ծնողի համար մեծ պարծանք է, որ իր երեխան այսպիսի մեծ հաջողությունների է հասել», - ասաց նա։

Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացված է 51 աշխատանք, որից 40-ը՝ կտավ, 11-ը՝ էմալ։

Գեղամ Ադյան 

Մանրամասները՝ տեսանյութում