Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են
Մշակույթ
22:43, 15 февраль 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին հյուրախաղերով հանդես է գալիս Միացյալ Թագավորությունում։
2023 թվականին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներով տրվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։

Համերգային շրջագայությունը սկսվել է փետրվարի 13-ին. առաջին ելույթները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, տեղի են ունեցել Մանչեսթերում, Քեմբրիջում։

Հյուրախաղերն ընդգրկում են 10 համերգ. դրանք տեղի կունենան նաև Լոնդոնի, Էդինբուրգի, Շեֆիլդի, Բիրմինգհեմի և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքների հեղինակավոր համերգասրահներում։ Նկատենք, որ համերգների մեծ մասի տոմսերն ամիսներ առաջ սպառվել են։
Համերգային ծրագրերի առանցքում Խաչատրյանի կոմպոզիտորական գանձարանի ամենահայտնի և ազդեցիկ նմուշներն են. երկացանկը ներառում է Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից։

Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես են գալիս բրիտանացի անվանի ջութակահարներ Ջենիֆեր Փայքը և Քլոյե Հանսլիփը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները Միացյալ Թագավորությունում անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը Ջենիֆեր Փայքի կատարմամբ լայն արձագանք է ստանում ունկնդիրների շրջանում։
Համերգներից առաջ իրականացվում են նաև քննարկումներ, որոնց ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգությունը և հայ կատարողական արվեստը։

Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերի իրականացմանն աջակցել են նաև անհատներ և բարեգործական կազմակերպություններ: