Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շառլ Ազնավուրի հուշարձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում. Ավինյան

Ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, շանսոնյե, գրող, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուշարձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում, իսկ Ռոդենի արձանը կտեղափոխվի դեպի մայթեզր։ Այս մասին Երևան քաղաքի ավագանու հերթական նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

««Շառլ Ազնավուր»» հիմնադրամն առաջարկել էր տեղադրել Ազնավուրի արձանը, և քանի որ կար նաև առաջարկ Օգյուստ Ռոդենի արձանը տեղափոխել քաղաքացիների համար ավելի տեսանելի հատված նույն Ֆրանսիայի հրապարակում, այս երկու առաջարկությունները միաձուլվել են մեկ որոշման մեջ»,-հավելեց Ավինյանը։ 

Փոխքաղաքապետի խոսքով՝ ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի քանդակը Ֆրանսիայի հրապարակի մայթեզրում տեղադրված լինելու հանգամանքը թույլ կտա քաղաքացիներին ավելի մոտիկից ուսումնասիրել այն, ինչը նախատեսված է նաև քանդակի նվիրատվության պայմանագրով։ 

«Ռոդենը ժամանակակից քանդակագործության մեջ հայտնի է նաև նրանով, որ վերացրել է հանդիսատեսի և քանդակի միջև նախկինում ստեղծված անջրպետը»,- նշեց Ավինյանը։ 

Տիգրան Ավինյանը հավելեց նաև, որ Ազնավուրի արձանի տեղադրման նախաձեռնությունը նվիրված է Շառլ Ազնավուրի 100-ամյակին։

Հիշեցնենք, որ 2024թ. Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակն է։