Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վստահ եմ՝ հանդիսատեսը կգնահատի ձեր ջանքերը»․ ԿԳՄՍ նախարարը երևանյան պրեմիերայից առաջ այցելել է «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի ստեղծագործական թիմին

«Վստահ եմ՝ հանդիսատեսը կգնահատի ձեր ջանքերը»․ ԿԳՄՍ նախարարը երևանյան պրեմիերայից առաջ այցելել է «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի ստեղծագործական թիմին
Մշակույթ
22:40, 05 апрель 2023
Երևանում կայանալիք Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի» առաջնախաղին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հանդիպել ստեղծագործական խմբի հետ և հաջողություն մաղթել նրանց առաջիկա ներկայացումներում։

Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլն իրականացնում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կատարած շրջայցի ընթացքում Պողոս Հարությունյանը ԿԳՄՍ նախարարին մանրամասներ է ներկայացրել նախապատրաստական աշխատանքներից։ Նրանց ուղեկցել է նաև Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։ 

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ երևանյան հանդիսատեսը բարձր է գնահատելու ստեղծագործական խմբի ջանքերը։
«Ուրախ եմ, որ Ձեր սկսած գործը հասցրել եք այս ամենակարևոր կետին։ Այս ուղղությունը մեզ համար շատ կարևոր է.  մենք ներկայացումների որակի բարելավման և այս ժանրի զարգացման խնդիր ունենք։ Վստահ եմ՝ հանդիսատեսը կգնահատի ձեր ստեղծագործական ջանքերը։ Գնահատելով Ձեր աշխատանքը՝ պատրաստ ենք քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Պողոս Հարությունյանը ևս հույս է հայտնել, որ երևանյան հանդիսատեսը բավականություն կստանա սպասվելիք ներկայացումներից․ «Իսկապես շատ մասշտաբային և աննախադեպ իրադարձություն է սպասվում։ Հավատացնում եմ՝ սա նորություն է լինելու հայ հանդիսատեսի համար։ Հուսով եմ՝ մեր նախագծի միջոցով հնարավորինս շատ երիտասարդներ կսկսեն հետաքրքրվել այս արվեստով»։

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նաև վրացի նշանավոր երգչուհի Թամարա Գվերդծիթելիին, որը լեգենդար մյուզիքլի երևանյան տարբերակում կմարմնավորի գլխավոր հերոսուհի Նորմա Դեսմոնդին։ Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել անվանի երգչուհուն և ողջ ստեղծագործական թիմին՝ ընդգծելով, որ երևանյան հանրությունն անհամբերությամբ է սպասում համաշխարհային բեմեր նվաճած մյուզիքլի պրեմիերային։

«Փայլուն կոլեկտիվ է հավաքվել․ հիանալի է այսպիսի թիմի հետ աշխատելը։ Կարծում եմ՝ կկարողանանք ուրախացնել և հաճելի պահեր պարգևել մեր հանդիսատեսին»,- ասել է Թամարա Գվերդծիթելին՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարին այցի համար։
Իր գրեթե երեսնամյա պատմության ընթացքում «Սանսեթ Բուլվարը» բեմադրվել է աշխարհի բազում երկրներում և տարբեր լեզուներով։ Չնայած միջազգային ճանաչմանը՝ «Սանսեթ Բուլվարը» դեռևս բեմադրված չի եղել ԱՊՀ երկրներում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը։ Ներկայացմանը մասնակցում է մոտ երեսուն դերասան՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Վրաստանից։ «Սանսեթ Բուլվարը» Հայաստանում օրինական և պաշտոնապես բեմադրված առաջին բրոդվեյյան մյուզիքլն է: Այն կբեմականացվի ռուսերենով։ 

Նշենք նաև, որ մյուզիքլի բեմադրությունն իրականացվում է հեղինակային իրավունքի թույլտվությամբ՝ Ուեբեր թատերական ընկերության հետ բացառիկ համաձայնագրի համաձայն։ Բեմադրությունը վստահվել է ռուս ռեժիսոր Անտոն Մուզիկանտսկուն: Ուեբերի լեգենդար երաժշտությունը կհնչի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

«Սանսեթ Բուլվար» մյուզիքլի երևանյան ներկայացումները նախատեսված են ապրիլի 6-12-ը։