Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավելի քան 20 տարի պարուսույց. պարը մարմնի լեզուն է, որ հնարավորություն է տալիս շարժումների, երաժշտության միջոցով փոխանցել ասելիքը

Ավելի քան 20 տարի պարուսույց. պարը մարմնի լեզուն է, որ հնարավորություն է տալիս շարժումների, երաժշտության միջոցով փոխանցել ասելիքը
Մշակույթ
22:22, 11 апрель 2023
Շատերի կարծիքով պարն ուղղակի շարժումների մի խումբ է, սակայն այն մի ուրիշ աշխարհ է, որտեղ ամեն ինչ անսահման գեղեցիկ ու համաչափ է: Պարը մարմնի լեզուն է, հոգու ռիթմը: Յուրաքանչյուր շարժում մի բառ է, իսկ յուրաքանչյուր պար` մի պատմություն:


«Արմենպրես»-ի հետ զրույցում պարուսույց Քրիստինա Ավագիմյանը նշեց, որ  իր համար  պարարվեստը արվեստների արվեստ է:
Պարուսույց  Քրիստինա Ավագիմյանի օրը սկսվում է վաղ նախաճաշով, որդուն մանկապարտեզ  ուղեկցելով ու դեպի պարի աշխարհ վազքով, որտեղ արդեն մոռանում է նույնիսկ ժամանակի մասին:

«Պարարվեստը ոչ վերբալ արվեստ է, ինձ համար այն արտահայտվելու միջոց է, երբ դու հնարավորություն ունես շարժումների, ժեստերի, քո մարմնի դիրքերի և երաժշտության հետ համատեղ ասելիքդ հասցնել հանդիսատեսին:  Արվեստների մեջ պարարվեստը ինձ համար ամենաթանկն է,  արվեստների արվեստն է»,- ասաց Քրիստինան:







Անդրադառնալով մասնագիտության բարդություններին՝  պարուսույցն առանձացրեց հատկապես վնասվածքները:

Քիրստինան նշեց, որ պարարվեստում հաջողելու և լավագույնը լինելու համար առաջին հերթին պետք է սիրել մասնագիտությունը: Հաջողության հասնելու համար  չափազանց կարևոր է նաև աշխատասիրությունը:

«Քանի որ մենք հիմնականում սկսում ենք պարել փոքր տարիքից, շատ-շատ հարցեր այդ ժամանակվանից շտկվում են։ Իհարկե, կան շատ տաղանդավոր երեխաներ, ովքեր  ի սկզբանե ունեն այդ տաղանդը, իրենց հետ ավելի հեշտ է աշխատել, բայց  լինում է, երբ գալիս են ու չունեն այդ տաղանդը, բայց աշխատասիրության արդյունքում հասնում են ցանկալի արդյունքի»,- ասաց մասնագետը:
Պարուսույցն ընդգծեց՝ մանավանդ նոր հաճախող փոքրիկների հետ դասընթացը կարևոր է սկսել պարի պատմությունից, հետո  արդեն առաջին քայլերը և այդպես շարունակաբար:

Մասնագետը ժպիտով նշեց, որ լինում են նաև փոքրիկներ, որոնց ծնողները պարի են բերում հակառակ նրանց կամքի, սակայն կարճ ժամանակ անց, բացահայտելով պարային աշխարհը, նրանք փոխում են իրենց տրամադրվածությունը:

Պարուսույցը դասավանդում է ավելի  քան 20 տարի: 7 տարեկանում իրականացրած ընտրությունը Քրիստինային մեկընդմիշտ կապել է պարարվեստին: