Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդ տեսակի տարածողը․ Մեծ եղեռնի որբերի հայր Թումանյանն այսօր կդառնար 152 տարեկան

Մարդ տեսակի տարածողը․ Մեծ եղեռնի որբերի հայր Թումանյանն այսօր կդառնար 152 տարեկան
Մշակույթ
17:58, 19 февраль 2021
Այսօր՝ փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստտեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-րդ տարեդարձն է։ Civic.am-ն այցելել էր մեծանուն գրողի երևանյան թանգարան։ Թանգարանը լի էր մանուկներով, ոմանք մուլտֆիլմ էին դիտում, ոմանք նկարում, իսկ մյուսներն էլ ծանոթանում հայրենասեր լոռեցու կյանքի պատմությանը։ 

Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի հետ զրուցեցինք Թումանյանի գրադարանում, որտեղ պահվում են 8000-ից ավելի գրքեր։ Տիկին Եղիազարյանը  մեզ հետ զրույցում հիշատակեց, որ վերջին տարիներին Թումանյանի ծննդյան օրը համընկնում է գիրք նվիրելու օրվա հետ և ընդգծեց՝ «Թումանյանի կյանում գիրքը նույն կարևոր դերում է եղել, ինչպես իր զավակները»։

Հովհաննես Թումանյանի կյանքը հագեցած է եղել ոչ միայն պոեզիայով, գիր ու գրականությամբ, նա նաև վարել է ակտիվ հասարակական քաղաքական գործունեություն։ 1915թ․Հայոց մեծ եղեռնի ժամանակ Թումանյանն իր դստեր՝ Նվարդի հետ ձեռնամուխ է եղել Արևմտյան Հայաստանից մազապուրծ եղած, որբացած մանուկների կյանքը փրկելու գործին։ Թումանյանը երկրորդ հայր է դառնում գաղթի ճանապարհն անցած որբերի համար։

«Երբ Էջմիածնում արդեն երեխաները տեղավորվել էին, Թումանյանը կարգադրում էր գթության քույրերին, որպեսզի երեխաների խորը քնի ժամանակ նրանց հաջորդ օրվա օրապահիկ սնունդը դրվի երեխաների կողքը։ Այդպիսով երեխան առավոտյան ապահովության զգացումով էր արթնանում, որ այլևս ինքը չի տեսնելու սով և ծարավ։ Եվ որպեսզի երեխաներն անհագ ուտելու խնդիր չունենան՝ Թումանյանը, որի անձնական գրադարանում այսօր էլ պահպանվում են բժշկագիտական գրքեր՝ այդ թվում մանկական բժշկությանն ու հոգեբանությանը վերաբերող, դիտարկել էր, որ երեխային մի կողմից մյուս կողմը թեքելիս մարսողությունն ավելի դանդաղ է կատարվում։ Եվ Թումանյանը խնդրում էր գթության քույրերին, որպեսզի գիշերը երեխաներին համապատասխան կողմի վրա թեքեն, որպեսզի նրանք առավոտն արթնանալիս շատ քաղցած չարթնանային և բնազդային ագրեսիան, որ իրենց մոտ ծնվել էր օրեր շարունակ քաղցից հետո, մեղմանա և բնականոն ընթացք սկսվի»,-ներկայացնելով մեծ հայրենասերի հասարակական գործունեությունը՝ պատմեց Անի Եղիազարյանը։ 
 
Նարա Մարտիրոսյան
 
Մանրամասները՝ տեսանյութում