Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում տոնական համերգով նշվել է Արամ Խաչատրյանի հոբելյանը

Գյումրիում տոնական համերգով նշվել է Արամ Խաչատրյանի հոբելյանը
Մշակույթ
18:49, 06 май 2023
Գյումրիի Կամերային երաժշտության դահլիճում տեղի է ունեցել դասական համերգ՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120 և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին։ Համերգը նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը (ՄՄԳԿ)՝ Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարում էր Խաչատրյանի անվան եռյակը՝  Կարեն Շահգալդյանը (ջութակ), Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Քոչարյանը (թավջութակ)։

«Այս երկու տարեթվերի միավորումը պատահական չէ, քանի որ ականավոր կոմպոզիտորի բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հետագայում հայտնի դարձան ամբողջ աշխարհին, գրվել են Մեծ Հայրենականի նախօրեին կամ ընթացքում։ Այդ ստեղծագործություններից փոխանցվում է խորհրդային ժողովրդի անկոտրում ոգին, խաղաղ ապրելու կամքը և արարելու ձգտումը։ Մենք որոշեցինք միավորել մեր ժողովուրդների համար կարևոր այս երկու ամսաթվերը։ Արամ Խաչատրյանը նաև հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և մշակութային փոխհարստացման վառ օրինակ է։ Համերգային ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանի այլ քաղաքներում և մարզերում»,- ընդգծել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Խաչատրյան եռյակը կատարեց անվանի կոմպոզիտորի հայտնի և բոլորի կողմից սիրված ստեղծագործությունները՝ Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը, «Սպարտակ» բալետի «Ադաջո»-ն,  հատվածներ «Գայանե» բալետից, ինչպես նաև հայտնի «Սուսերով պարը»։  
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ընդգծեց, որ լեգենդար կոմպոզիտորի հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվում է հենց Հայաստանի մշակութային մայրաքաղաքում: Լիլիթ Թովմասյանը  հույս հայտնեց, որ մշակույթի ոլորտում նման  գործակցությունը շարունակական կլինի։