Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում բացվեց հայ-լեհական բարեկամությանն ու Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապին նվիրված խաչքար, նույն խաչքարից կկանգնեցվի նաև Լեհաստանում

«2001թ. քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700 ամյակին նվիրված տոնակատարություններին Հովհաննես Պողոս Երկրորդի կատարած այցը բացառիկ էր, քանի որ պատմության մեջ առաջին անգամ Հայոց աշխարհ էր այցելում կաթոլիկ քահանայապետը»,- այսօր՝ մայիսի 16-ին, այս տողերով սկսվեց Բուզանդ փողոցի խաչքարերի պուրակում հայ-լեհական բարեկամությանն ու Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապին նվիրված հուշարձան-խաչքարի բացումը։

Բացմանը ներկա էին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Լեհաստանում Հայաստանի պատվո հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ պետքարտուղար Յան Ջիեջիչակը և այլ հյուրեր։

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել մի վայրում, որտեղ ծագել է քրիստոնեությունը։ Ուրախ եմ գտնվել մի վայրում, որտեղ 1700 տարի առաջ առաջինն ընդունվեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, մի վայրում, որտեղ ավելի քան 20 տարի առաջ Հովհաննես Պողոս Երկրորդը քրիստոնեության ընդունման 1700 ամյակի կապակցությամբ ուխտագնացություն կատարեց Հայաստան և միացավ հայերին իր աղոթքներով, որոնք ուղղված էին Ցեղասպանության ժամանակ սպանված քրիստոնյաներին»,- ասաց Յան Ջիեջիչակն իր ելույթում:

Լեհաստանում Հայաստանի պատվո հյուպատոս Հրաչյա Բոյաջյանն էլ նշեց, որ հաջորդ ամիս նույն խաչքարից կկանգնեցվի նաև Լեհաստանի Զաբժե քաղաքում։

Civic.am-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այսքան տարի հետո միայն որոշվեց խաչքար տեղադրել, ինչին ի պատասխան Զարեհ Սինանյանն ասաց. «Հիմա արվեց, որովհետև նախաձեռնող եղավ, և նախաձեռնողը մեր պատվո հյուպատոսն էր՝ Հրաչյա Բոյաջյանը: Նա սկզբունքայնորեն որոշել էր, որ նման հուշարձան տեղադրվի Երևանում»:

Մանրամասն՝ տեսանյութում