Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկում է գրականության ամենամեծ պետական ծրագիրը. մայիսի 25-27-ը կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 6-րդ փառատոնը

Մեկնարկում է գրականության ամենամեծ պետական ծրագիրը. մայիսի 25-27-ը կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 6-րդ փառատոնը
Մշակույթ
20:15, 22 май 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։ Փառատոնը կմեկնարկի մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին:

Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություն, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ պետական ծրագիրն է, որն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնը տևում է երեք օր: Դրա բաղադրիչներն են պարտադիր զեղչով գրքի ցուցահանդես-տոնավաճառը, չորս անվանակարգում գրական մրցույթը, շնորհանդեսները, պանելային զրույցները, վարպետութան դասերը, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումները, համերգները և այլն:
Գրքի երևանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կլինի նաև գրական մրցանակաբաշխություն «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում, տեղի կունենա մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում:
Ստորև ներկայացնում ենք Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի միջոցառումների ծրագիրը.

Մայիսի 25

12:00 Յոկո Տավադայի «Պատվիրակը» գրքի շնորհանդես | Գրանիշ
13:00 «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» երկհատորյակի շնորհանդես | Թումանյանի թանգարան
14:00 «Իմ» մատենաշարի շնորհանդես | Ակտուալ արվեստ
15:00 Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» եռահատոր վեպի առաջին երկու մասերի շնորհանդես | Հովհաննիսյան ինստիտուտ
16:00 Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդես | Զանգակ
17:00 Ռոբին Շարմայի «Հրովարտակ ուղղված ամենօրյա հերոսին» գրքի շնորհանդես | Բուկինիստ
18:00 Հանդիպում Տատյանա Տոլստայայի հետ
19:00 Համերգ. «Լավ Էլի»

Մայիսի 26

12:00 «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդես | Նյումեգ
13:00 Պոլսահայ նորագույն գրականությունը․ Սուրեն Դանիելյանի դասախոսությունը
14:00 Բանաստեղծությունը՝ բացված․ պոետիկ արտահայտման հետմիջօրե․ Շենոն Սալիվան և Յորղոս Կուտուվելաս | Վերսոպոլիս
15։00 Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գրքի շնորհանդես | Զանգակ
16:00 Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդես | Անտարես
17:00 Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի շնորհանդես | Նյումեգ
18:00 Կլաուդիո Պոցցանի և Նարեկ Կոսմոս․ գրական-երաժշտական բաթլ
19:30 Հանդիպում Արմեն Զախարյանի հետ (Մեծ դահլիճում)

Մայիսի 27

12:00 «Միսս Փերերգրինի յուրահատուկ երեխաների տունը» գրքի շնորհանդես | Արևիկ
13:00 Ոչ կենցաղային շփում։ Ի՞նչն է օգնում կենդանի զգալուն․ Դմիտրի Գարիչև, Ալեքսանդրա Շալաշովա, Տատյանա Սոլովյովա | «Մեծ գիրք» մրցանակ
14:00 Շուշանիկ Ասատրյանի «Ափից ներս» գրքի շնորհանդես | Գրանիշ
15:00 Մոգականություն և ռեալիզմ․ Մարիամ Պետրոսյան, Ալեքսանդրա Շալաշովա
16:00 Ժամանակակիցը, ժամանակավորը և անժամանակը պոեզիայում. Կարեն Անտաշյան, Հասմիկ Սիմոնյան, Մարինե Պետրոսյան
17:00 Էրիկ Էմանուել Շմիտի «Օսկարը և վարդագույն տիկինը» գրքի շնորհանդես | Վերնատուն
18:00 Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գրքի շնորհանդես | Էջ
19:00 Գրքի երևանյան փառատոնի փակման արարողություն և մրցանակաբաշխություն (Մեծ դահլիճում)

Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Վերսոպոլիս» կազմակերպության աջակցությամբ իրականացնում են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը և «Գրքի փառատոն կրթամշակութային» ՀԿ-ն՝ «Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։