Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովհաննես Այվազովսկու բազմաժանր և ինքնատիպ գործերը կներկայացվեն Ազգային պատկերասրահի վերաբացված ցուցադրությանը

Հովհաննես Այվազովսկու բազմաժանր և ինքնատիպ գործերը կներկայացվեն Ազգային պատկերասրահի վերաբացված ցուցադրությանը
Մշակույթ
22:42, 21 июнь 2023
Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 21-ին վերաբացվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը: Այն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:

TAT_2311.jpg (661 KB)
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերանորոգված և արդիականացված սրահներում հանրությանն են ներկայացվում շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր՝ հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:
TAT_2238.jpg (698 KB)
«Մենք հաճախ չենք ցուցադրում Այվազովսկու գրաֆիկական աշխատանքները, քանի որ դրանք  նուրբ են ու հեշտ են վնասվում, ուստի այցելուների մեծ մասը ծանոթ է հեղինակի կտավներին: Այդ առումով շատերի համար  հայտնություն են Այվազովսկու գրաֆիկական գործերը և այլ նմուշներ, որոնք ընդգրկել ենք այս ցուցադրության մեջ: Ներառել ենք ծովաքարը, որի վրա Այվազովսկին փոքրիկ բնանկար է պատկերել և կրծքազարդը, որի վրա ծովային տեսարան է»,-շեշտեց պատկերասրահի Հայկական գեղանկարչության բաժնի վարիչ, ցուցադրության համադրող Հայկուհի Սահակյանը:
TAT_2253.jpg (790 KB)
Ցուցահանդեսը բաղկացած է մի քանի բաժնից. մի բաժնում ներկայացվում են Այվազովսկու արևածագի և արևամուտի տեսարանները, մյուսում՝ փոթորկոտ ծովի տեսարանները: «Նկարիչը շատ էր սիրում ճանապարհորդել, ինչի շնորհիվ նկարում էր ծովերի, օվկիանոսների տեսարաններ, ինչն առավել հարստացնում էր նրա ստեղծագործական ժառանգությունը: Առանձին սրահում ցուցադրված են նրա գիշերային ծովային տեսարանները, որ ապշեցնում են այն վարպետությամբ, որով Այվազովսկին վրցնել է լիալուսնի արտացուլմը ծովի մակերևույթին»,-ընդգծեց համադրողը:
Սահակյանն Այվազովսկու ներդրումը համաշխարհային կերպարվեստում անգնահատելի է համարում, քանի որ հեղինակն ընդլայնել է ծովանկարչության սահմանները: «Նա պաշտամունքի առարկա է Հայաստանում, քանի որ մշտապես հավատարիմ էր իր արմատներին ու պահում էր կապը հայ մշակութային գործիչների հետ, հայ հոգևոր հայրերի հետ: Այվազովսկին հրաշալի հայերեն էր խոսում և անգամ նրա շիրմաքարի վրա հայերեն արձանագրություն կա, ինչը փաստում է, որ նա հայ ժողովրդի նվիրյալ զավակ էր»,-ասաց համադրողն ու հավելեց՝ Այվազովսկին կանգնած է ռուսական  ծովանկարչության դպրոցի ստեղծման ակունքներում, իսկ նրա գործերը համաշխարհային գանձարանի գոհարներ են:







ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի մշակութային կյանքում անփոխարինելի նշանակություն ունի: Նա Հովհաննես Այվազովսկու ցուցադրության վերաբացումից հետո ակնկալում է, որ ցուցասրահները պետք է լեփ-լեցուն լինեն և հյուրընկալեն ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ Հայաստանի տարբեր ծայրերում ապրող մարդկանց՝ դառնալով նրանց սիրելի վայրը: «Վերջին շրջանում  տարբեր մեկնաբանություններ էին հնչում Այվազովսկու պատկանելիության, նրա գործերի վերաբերյալ, և ազգային պատկերասրահում մշտական գործող ցուցադրությունը գալիս է ևս մեկ անգամ նշանավորելու այն մեծ ժառանգությունը, դերը, նշանակությունը, որ Այվազովսկին ունեցել ու շարունակում է ունենալ»,-ասաց նա:
TAT_2364.jpg (734 KB)
Անդրեասյանը շեշտեց, որ ՀՀ կառավարության համար պատկերասրահի մշտական արդիականացումն առաջնահերթություն է: Նախարարը հիշեցրեց, որ նախորդ տարիներին շուրջ 700 մլն դրամ է հատկացվել պատկերասրահում նորոգման աշխատանքներին: Նորոգվում են օդափոխման, սառեցման համակարգերը, վերելակներն են փոխարինվում: Աշխատանքները դեռ ավարտված չեն:
Ժաննա Անդրեասյանը հույս ունի, որ պատկերասրահը կդառնա արդիական միջավայր, որտեղ մշակութային կյանքին հաղորդակցվելը, ամենատարբեր ծրագրերին առնչվելը քաղաքացիներին հնարավորություն կտա ծանոթանալ այն կարևոր մշակութային արժեքներին, որ կան պատկերասրահում:
TAT_2427.jpg (796 KB)
2017-ին Այվազովսկու 200-ամյակի շրջանակներում պատկերասրահում բացառիկ ցուցադրություն էր կազմակերպվել և առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեց Այվազովսկու «Քաոս» կտավը, որը բերվել էր Վենետիկի Մխիթարյան Միաբանությունից: Ցուցադրությունը  շատերի հիշողության մեջ մնացել է որպես գունեղ, հարուստ ու բացառիկ իրադարձություն:
Պատկերասրահի անձնակազմը հույս ունի, որ ծովանկարչի ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացումը ևս կլինի արվեստասերների ուշադրության կենտրոնում ու կհյուրընկալի բազմաթիվ այցելուների: