Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ նախարարը ուղերձ է հղել Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ

ԿԳՄՍ նախարարը ուղերձ է հղել Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ
Մշակույթ
11:51, 21 февраль 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի շնորհավորական ուղերձը Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ․

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և կարևոր տոնի՝ Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր: Այս տոնը մեզ համար հայապահպանության, ազգային ինքնության խորհուրդ ունի, և սա լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևորելու մեր լեզվի գանձերը, մեր ոսկեղենիկ մայրենին՝ այն անաղարտ պահելու, կատարելագործելու, արժանի կրող լինելու անխախտ հաստատակամությամբ: Մայրենի լեզուն լույս է, որը վառ է պահում սերունդների ճանապարհը:

Չմոռանանք, որ տասնամյակներ շարունակ պետություն չունենալով, աշխարհի տարբեր անկյուններում մեր գոյության պայքարը մղելով՝ լեզուն եղել է մեր ազգային միասնականության հիմնասյունը, համախմբվածության օջախը: Այսօր էլ կրկնակի ջանք ու եռանդով պետք է աշխատենք՝ պահպանելու, տարածելու մեր հարստությունը՝ մեր մայրենին, մեր հայրենասիրությունն ամրապնդենք մայրենի լեզվի նկատմամբ սիրով ու հոգատարությամբ, պատասխանատվության զգացումով ու հայերենին լիարժեք տիրապետելու բարձր գիտակցությամբ:

Կրթության, արվեստի, մշակույթի և մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, եղե՛ք մայրենիի լույսը կրող
ջահակիրներ՝ լուսավորելով ձեր միջավայրը, փառաբանե՛ք և մեծարե՛ք մեր լեզուն, սիրե՛ք և փայփայե՛ք այն: