Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շատ բարձր կարծիքներ են հնչել ոչ միայն հայկական թատրոնի մասին, այլեւ մեր՝ իբր միասնական եւ պետական մտածող տեսակի մասին»․ Արման Նավասարդյան․ Տեսանյութ

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը մասնակցել է Մոսկվայում կայացած Չեխովյան 15-րդ հեղինակավոր միջազգային փառատոնին: Այն անցկացվել է հունիսի 26-27-ը: Համազգային թատրոնը մասնակցել է Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացմամբ: Բեմադրիչը դերասանուհի Նարինե Գրիգորյանն է:

Այս փառատոնից հետո թատրոնը ստացել է ևս մեկ հրավեր՝ մասնակցելու Ռուսաստանում անցկացվելիք մեկ այլ փառատոնի, որի հեղինակը Եվգենի Միռոնովն է: Փառատոնն անցկացվելու է Վլադիվաստոկում առաջին անգամ: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնեց թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը․ «Համազգային թատրոնին հրավիրել են՝ փառատոնը զարդարելու: Այդ Փառատոնին ներկա է լինելու նաեւ Չարլի Չապլինի թոռը՝ Ջեյմս Թիերենը»:

Չեխովյան փառատոնը 30 տարեկան է, այն այս տարի 15-րդ անգամ էր անցկացվում, քանի որ իրականացվում է 2 տարին մեկ անգամ:

Այս տարի Հայաստանի թատերական գործիչների միությունում ՀԹԳՄ կայացած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Փափլիկը» արժանացել էր «Լավագույն ներկայացում» մրցանակին: ՀԹԳՄ-ն էլ բեմադրությունն առաջարկել էր Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին, եւ անմիջապես ընդգրկվել է ծրագրում։

Նավասարդյանը նաեւ հայտնեց, որ անչափ ջերմ ընդունելության են արժանացել Մոսկվայում։

«Նույնիսկ համեստությունս թույլ չի տալիս ցիտել այն խոսքերը, որոնք ասել են մեր հասցեին: Փառատոնի տնօրենը մեզ իր շուրջն էր հավաքել եւ ասում էր՝ դուք այնքան լավն եք, որ նույնիսկ չենք ուզում ձեզնից բաժանվել: Հպարտության շատ մեծ պահեր ենք ունեցել, մի բան, որը պակասում էր վերջին շրջանում: Բարձր ենք պահել մեր երկրի անունը, պատիվը, եւ թող ոչ մեկը չկասկածի, որ մենք երբեւէ կարող ենք խաղալ մեր հայրենիքի անվան հետ: Շատ բարձր կարծիքներ են հնչել ոչ միայն հայկական թատրոնի մասին, այլեւ մեր՝ իբր միասնական եւ պետական մտածող տեսակի մասին», - նշեց Նավասարդյանը։