Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական արվեստի թանգարանը Միխայիլ Վռուբելի բացառիկ գործերը ներկայացրեց մեկ հարթակում

Ռուսական արվեստի թանգարանը Միխայիլ Վռուբելի բացառիկ գործերը ներկայացրեց մեկ հարթակում
Մշակույթ
21:11, 01 июль 2021
Ռուս մեծանուն նկարիչ Միխայիլ Վռուբելի  165-ամյակի և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակի շրջանակում հուլիսի 1-ին Ռուսական արվեստի թանգարանում բացվեց «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը: Առաջին անգամ ներկայացվեցին հեղինակի բոլոր աշխատանքները, որոնք առկա են Հայաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսում ընդգրկված 13 ստեղծագործությունից 9-ը Հայաստանի ազգային պատկերասրահի,  իսկ 4-ը`  Ռուսական արվեստի թանգարանի  ֆոնդերից են։ Այդ գործերը Վռուբելին ներկայացնում են, որպես   գեղանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ  և քանդակագործ։

«Սա կարևոր իրադարձություն է, քանի որ առաջին անգամ Հայաստանում նշում ենք ռուս մեծ նկարչի հոբելյանը: Մեկ հարկի տակ հավաքել ենք հեղինակի ստեղծագործությունները և՛ Հայաստանի ազգային պատկերասրահից, և՛ Աբրահամյանի հավաքածուից: Սա լավագույն միջթանգարանային համագործակցությունն է, և ցուցադրությունը հետաքրքիր է կոնցեպտուալ առումով. գունային լուծումները, համադրողական տեքստերը: Ցուցանմուշներին կից  ներկայացված են մեծանուն արվեստագետների և հենց հեղինակի կարծիքն իր գոծերի մասին»,-նշեց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը: