Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահի դրությամբ արդեն տարբեր մարզերում ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ. Ժաննա Անդրեասյանը՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների մասին

Այս պահի դրությամբ արդեն տարբեր մարզերում ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ. Ժաննա Անդրեասյանը՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների մասին
Գիտություն
17:39, 27 сентябрь 2023
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս պահին առաջնահերթ են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես առաջնային է, և մենք պետք է առանց ժամանակ կորցնելու նաև իրականացնենք քայլեր՝ ապահովելու երեխաների շարունակական կրթությունը»,- այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ՝ տարբեր մարզերում, և սա վկայում է այն մասին, որ այն պահին, երբ որ քաղաքացիներն արդեն ունեն իրենց առաջնային կարիքների մասով որոշակի  հստակություն, առաջին հերթին դիմում են դպրոց, և դա շատ լավ է։

«Ես ուղղորդում եմ, որպեսզի մեր բոլոր երեխաների կրթության իրավունքը բոլորս դիտենք առաջնային։ Եվ այն պահին, երբ որ արդեն իսկ կեցության, սննդի և կացարանի խնդիրները կարգավորված են, առանց հապաղելու նաև մտածենք կրթության մասին։ Մեր դպրոցները պատրաստված են դրան, մենք ուղարկել ենք շրջաբերական գրություն, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպվի գործընթացը։ Մասնավորապես ուզում եմ տեղեկացնել, որ որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի, և այն ժամանակահատվածում, երբ որ երեխաները կլինեն դպրոցում, առանց որևէ լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու նրանց ընդունումը դպրոց տեղի կունենա»,- ասաց նախարարը։

Այնուհետ նախարարն ասաց, որ միևնույն ժամանակ կարգավորումներ են նախատեսել նաև բոլոր այն դեպքերի համար, երբ որ երեխաները կունենան հավելյալ աջակցության կարիք, որովհետև բոլորն էլ հասկանում են՝ նրանք անցել են բարդ հոգեբանական փորձությունների միջով, և կրթության գործընթացն արդյունավետ լինելու համար նաև պետք է դառնա այն դրական ու ապահով միջավայրը, որը կստեղծի նաև սովորելու հնարավորություն։ 

Մանրամասները՝ տեսանյութում