Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել և իրականացնում է նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման քաղաքականություն․ Վահրամ Դումանյան

Կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել և իրականացնում է նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման քաղաքականություն․ Վահրամ Դումանյան
Գիտություն
12:24, 15 июль 2021
Այսօր կառավարությունն ընդունեց «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանելու մասին» նախագիծը։

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ որդեգրել և իրականացնում է նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման քաղաքականություն, սակայն նախադպրոցական կրթության և ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար սահմանված չէ ֆիանանսավորումը կարգավորող նորմատիվային իրավական ակտ։

«Դրա բացակայության պատճառով խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթական ծրագրերի իրականացման նյութատեխնիկական և ուսումնամեթոդական պայմանները, նախադպրոցական մանկավարժական կադրերի վարձատրությունը։ Նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման համար մի դեպքում ելակետային է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, մյուս դեպքում հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը։ Արդյունքում ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում»,-ասաց Վահրամ Դումանյանը։  

Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է ֆինասնավորում հատկացնել հետևյալ խմբերի երեխաների համար ներկայացվող ժամանակացույցով՝  

  • 2022 թվականի սեպտեմբերի 1-ից  կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
  • 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները,
  • 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները, 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաները։