Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տարրական դասարաններում «Սեռական դաստիարակություն» ուսումնական առարկա կամ դասընթաց չի նախատեսվում, չկա տպագրված որևէ դասագիրք կամ ձեռնարկ». ԿԳՄՍՆ

«Տարրական դասարաններում «Սեռական դաստիարակություն» ուսումնական առարկա կամ դասընթաց չի նախատեսվում, չկա տպագրված որևէ դասագիրք կամ ձեռնարկ». ԿԳՄՍՆ
Գիտություն
16:26, 27 июль 2021
Հասարակությունում, հատկապես ծնողների շրջանում, կրկին շրջանառվում են երեխաների սեռական դաստիարակության թեմայով անցյալ տարվա քննարկումները, նախկինում հրապարակված  երեխաների համար նախատեսված այս թեմայով գրքերի նկարները։ Տարածվում են դավադրական տեսություններ այն մասին, որ կառավարությունը պատրաստվում է տարրական դասարաններում  ներառել «Սեռական դաստիարակություն» առարկան։

Ամեն ինչ սկսվեց 2020 թվականից, երբ ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Լանզարոտեի կամ  «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որի նպատակն է կանխարգելել երեխայի սեռական շահագործումը կամ նրա նկատմամբ սեռական բնույթի բռնությունները, պաշտպանել զոհերին։

ԿԳՄՍ նախարարությունից, ի պատասխան Civic.am-ի հարցմանը, նշեցին, որ տարրական դասարաններում «Սեռական դաստիարակություն» ուսումնական առարկա կամ նման թեմատիկայով որևէ դասընթաց չի նախատեսվում։
«Չկա տպագրված որևէ դասագիրք կամ ձեռնարկ: Ընդհանրապես, հանրակրթական դպրոցի որևէ դասարանում սեռական դաստիարակության վերաբերյալ առարկայի ներդրում նախատեսված չէ», - նշված էր ԿԳՄՍ նախարարության պատասխանում։

Մեր այն հարցին, թե նախարարության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվում այս տեսակ դավադրական տեսությունների տարածումը հասարակության շրջանում կանխելու համար, Civic.am-ին պատասխանեցին, որ հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը հրապարակված են ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում, և դրանց բովանդակության պարզ ուսումնասիրությունից ակնհայտ կդառնա, որ դավադրական որևէ տեսության մասին խոսելն անհիմն է:

Ըստ ԿԳՄՍՆ-ի պատասխանի՝ «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որում սեռական դաստիարակությանը, մասնավորապես, վերարտադրողական առողջությանը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելմանը վերաբերող թեմաներ եղել են, ներդրվել է 2007 թվականից և դասավանդվել է պարտադիր դասընթացի ձևով՝ «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասաժամերի հաշվին՝ 8-11-րդ դասարաններում. «Տեղեկացնենք նաև, որ դասընթացն իրականացվելու է պարտադիր խմբակի ձևաչափով 5-11-րդ դասարաններում, և այս ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում է, Հանրակրթության պետական նոր չափորոշիչի շրջանակում, այն փորձարկել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում: Բացի դրանից, սեռական առողջության վերաբերյալ թեմաներ ընդգրկված են նաև «Կենսաբանություն» առարկայի «Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա» բաժնում»։

ԿԳՄՍՆ-ից նշեցին, նաև, որ, բացի դեռահասների վերարտադրողական առողջությանը վերաբերող թեմաներից,  ընդգրկվել են նաև հետևյալ ուղղությունները՝ 1) սնուցում և ֆիզիկական ակտիվություն,  2) աճ, զարգացում, հիգիենա, 3) անվտանգություն, վտանգի կանխարգելում, 4) հոգեկան, հուզական և սոցիալական առողջություն, 5) փոխհարաբերություններ, սեռային խնդիրներ,  6) վնասակար սովորություններ, վարքագծային հիվանդություններ:

Նշենք, որ Հայաստանը Լանզարոտեի կոնվենցիան ստորագրել է դեռ 2010 թվականին: Կոնվենցիայի 18-23-րդ հոդվածները դիտավորությամբ կատարված արարքների՝ երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնության, մանկական մարմնավաճառության, մանկական պոռնոգրաֆիայի, երեխայի մասնակցությանը պոռնոգրաֆիկ ցուցադրություններին, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդելու, երեխայի սեռական այլասերման և այլնի մասին են: Փաստաթղթին միացած պետությունները պարտավորվում են ապահովել այս հոդվածների քրեականացումը։

2020 թվականին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը նույնպես դրական էր գնահատել այս կոնվենցիայի ընդունումը։ Օմբուդսմեն Արման Թաթոյանը հաստատել էր դրա կարևորությունը և նշել, որ Հայաստանում արձանագրվում են դեպքեր, երբ երեխայի նկատմամբ սեռական բռնություն է գործադրվում, և հույս էր հայտնել, որ այս քայլը կնպաստի հատկապես քրեական գործերով մեխանիզմների կատարելագործմանը։ Չնայած դրան՝ նա նշել էր, որ  կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ։

Հիշեցնենք, որ 2020 թվականին մեծ էր աղմուկը դպրոցներում երեխաներին «Սեռական դաստիարակություն» առարկա դասավանդելու մասին, երբ տարածվել էին մանկական գրքեր այս թեմայով, որը հասարակության կողմից բուռն արձագանքի էր արժանացել։ Լուրեր էին տարածվում, թե դրանք նոր կառավարության կողմից հրատարակված գրքեր են և բաժանվել են դպրոցներին։  Գիրքը, սակայն, իրականում 90-ականներին էր լույս տեսել, որը նախատեսված է եղել մասնագիտական ուսուցման համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ այն ժամանակ գիրքը շատ կասկածելի էր որակել՝ նշելով, որ այն ոչնչացվել է հենց 90-ականներին՝ հրապարակվելուց հետո: Նրա խոսքով՝ ավելի քան 20 տարվա վաղեմության կասկածելի որակի ու բովանդակության գրքույկները մեջբերել են ու փորձել հասարակությանը հրամցնել իբրև ներկա կրթական փոփոխությունների մաս:

Սյուզի Սիրեկանյան