Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ նախարարը առաջարկել է ՀՀ-ում հնդիկ կինոարտադրողների մասնակցությամբ կինոնախագծեր իրականացնել

ԿԳՄՍ նախարարը առաջարկել է ՀՀ-ում հնդիկ կինոարտադրողների մասնակցությամբ կինոնախագծեր իրականացնել
Գիտություն
20:03, 16 август 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն օգոստոսի 16-ին ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը:

Ողջունելով Վինայ Սահասրաբուդհեի այցը Հայաստան՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ հայ-հնդկական համագործակցությունը մեծ ներուժ ունի.  «Ես մեծապես կարևորում եմ մեր բարեկամական երկրների համագործակցությունը և վստահ եմ, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերը կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանը և զարգացմանը: Այս հանդիպումը և քննարկումները նպատակ ունեն ակտիվացնել և առավել արդյունավետ դարձնել երկկողմ փոխգործակցությունը»:

ԿԳՄՍ նախարարը հայ-հնդկական մշակութային կապերի ամրապնդման համար առաջարկել է դիտարկել Հայաստանում հնդկական կրթամշակութային կենտրոն հիմնելու հնարավորությունը:
Դումանյանի խոսքով՝ կենտրոնը կարող է նպաստել Հայաստանում Հնդկաստանի մշակույթը լավագույնս ներկայացնելուն և գործել որպես կրթամշակութային փորձի փոխանակման հարթակ: Շարունակելով մշակույթի ոլորտում համագործակցության թեման՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է համագործակցել Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ և Հայաստանում հնդիկ կինոարտադրողների մասնակցությամբ կինոարտադրության նախագծեր իրականացնել:  Նախարարը նաև առաջարկել է դիտարկել պետական կրթաթոշակային ծրագրի ներդրումը հայ և հնդիկ ուսանողների համար: 

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև միջբուհական, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը ուսանողների և դասախոսների, մարզիկների և մարզիչների միջև, ինչպես նաև երիտասարդների շրջանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: 

Նախարարությունից հայտնում են, որ Վինայ Սահասրաբուդհեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դրական է արձագանքել հնչած առաջարկներին և ընդգծել, որ քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար չկա որևէ խոչընդոտ: Այս տարի լրանում է Հնդկաստանի անկախության 75-ամյակը. այդ համատեքստում Վինայ Սահասրաբուդհեն Հայաստանի 75 դպրոցի Հնդկաստանի մասին պատմող հայերեն 75 գիրք նվիրելու ցանկություն է հայտնել: Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահի խոսքով՝ համատեղ կրթամշակութային ծրագրեր կարելի է կազմակերպել նաև անկախության 75-ամյակի շրջանակում:

Բարեկամ երկրներում միմյանց պատմությունն առավել մանրամասն ծանոթանալու նպատակով՝ Վինայ Սահասրաբուդհեն առաջարկել է դիտարկել նաև Հնդկաստանի անկախության մասին պատմող հայերեն և հայկական կողմի նախընտրած թեմային նվիրված հինդիով գրքերի տպագրությունը: Կողմերը դիտարկել են նաև ուսուցիչների շրջանում փոխանակման ծրագրերի, փոխադարձ այցերի հնարավորությունները: 

Արձագանքելով Վինայ Սահասրաբուդհեին՝ ԿԳՄՍ նախարար  Դումանյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խմբեր նշված գաղափարները կյանքի կոչելու և առավել գործնական քայլերի անցնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը գործընկերների ուշադրությունն է հրավիրել նաև Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ ընդգծելով այս հարցում միջազգային հանրության արձագանքի կարևորությունը: 

«Լիահույս եմ, որ մեր բարեկամական և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, և մենք միասին կկարողանանք հասնել շոշափելի արդյունքների, իսկ համագործակցությունը կբարձրացնենք որակապես նոր մակարդակի»,- եզրափակել է Վահրամ Դումանյանը: