Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ. ԿԳՄՍՆ

Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ. ԿԳՄՍՆ
Գիտություն
11:32, 09 сентябрь 2021
ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդներն այսուհետ կձևավորվեն միասնական մոտեցմամբ. դրանց թվակազմը նվազեցվել է մինչև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով սահմանված շեմը՝ 20 անդամ։

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Ներկայացուցչական համամասնությունը՝ պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողություն, բուհի հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչներ, բաշխվել է հավասարապես․ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք` 5-ական անդամի ներկայացվածություն։ Հոկտեմբերի 8-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը նմանօրինակ որոշում է կայացրել՝ փոփոխություններ կատարել Կառավարության մի շարք որոշումներում՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում։ Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումները համակարգային դարձնելու նպատակադրությամբ։

Ներկայում 16 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից 12-ն ունեն հիմնադրամների կազմակերպական-իրավական ձև, իսկ 4-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպության: Դրանց գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներով և համապատասխան բուհերի՝ հիմնադրի հաստատած կանոնադրություններով։ ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ և բուհերի կանոնադրություններում այժմ սահմանված են խորհուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի (ոչ պակաս 20 և ոչ ավելի, քան 32), իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով նախատեսված ներկայացուցչական համամասնությունը բաշխված է հավասարապես՝ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք։

Ներկայացվածության նման բաշխվածությունը և գործող թվաքանակը երբեմն բացասաբար են անդրադառնում խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը։ Ընդունված որոշմամբ փաստացի պահպանվում են բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկինում գործող համամասնությունները, ըստ որի՝ խորհրդում ներգրավված բոլոր կողմերն ունեն հավասար ներկայացվածություն։

Ակնկալվում է, որ պետական բուհերի կանոնադրություններում առաջարկվող փոփոխություններով կապահովվի վերջիններիս բնականոն գործունեությունը:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդները կձևավորվեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ գործող խորհուրդները կշարունակեն իրենց լիազորությունների իրականացումը, որոնք կդադարեն նոր խորհուրդների ձևավորման պահից: